Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանը պետք է հրապարակեր իր վճիռը ոստիկանների կողմից բռնության ենթարկված սեւազգեստ մայրերի` Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի դիմումի հետ կապված: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը եւ իրականացվի արդար քննություն:
Այսօր դատարանում նրանք անակնկալի եկան, երբ իմացան, որ նախագահող դատավորը դուրս է եկել այդ դատարանից, ուստի վճիռ չի կարդալու:
Ծնողները դատարանից զանգահարեցին դատավորի օգնականին ու մեծ աղմուկ բարձրացրեցին:
Կարդացեք նաև
Զոհված զինծառայող Արման Մուրադյանի հոր՝ Հովսեփ Մուրադյանի խոսքերով՝ «Եթե դատավորը այսօր պիտի որոշում չկայացներ, ինձ ինչո՞ւ չի նախօրոք ծանուցվել: Դատավորը ամսի 25-ից մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մինչեւ էսօր չի՞ կայացրել: Եթե կայացրել է, թող իր օգնականը կարդար գոնե: Ո՞նց, ուրեմն հիմա պարզվում է՝ գալիս է նոր դատավոր, նոր դատավորը պիտի գործին ծանոթանա, նորից դատական քննություն իրականացնի, հետո նոր որոշի, էդ արդեն կլինի 2019 թիվը: Գործը 6 ամիս է, նախաքննական փուլից անցել է դատական փուլի ու ոչ մի պատասխան: Կարո՞ղ ա մենք խեղկատակ ենք, ծաղրածու ենք, ինչ ենք, ինչի՞ տեղ եք դրել մեզ, մենք էլ համբերություն ունենք: Ընենց չի, որ մեզ հասկանում եք, դուք չգիտեք մենք ինչ ենք կորցրել եւ ինչ ենք ման գալիս: Թույլ եք տալիս, դրա համար էլ բղավում եմ, որ ամբողջ աշխարհը լսի»:
Այս ամենը դատավորի օգնականին հեռախոսով փոխանցելուց հետո Հովսեփ Մուրադյանը փոխանցեց, որ իրենց հորդորում են՝ գնացեք սպասեք: Հովսեփ Մուրադյանը Երեւան էր հասել Թալինից, Նանա Մուրադյանը՝ Հոկտեմբերյանից: Նրանք բորբոքվել էին այդ անհարգալից վերաբերմունքի համար՝ իրենց արհամարհել էին, չէին ծանուցել:
Նանա Մուրադյանի խոսքերով՝ «Սա է մեր երկրի ղեկավարի դեմքը: Էդ դիմակավորված դեմքը էս ա մեր երկրի ղեկավարության: Դատավորները՝ վաճառված կամակատարներ: Որ դատավորին այ սենց անի՝ պիտի տենց էլ անի իր աշխատանքը: Բանակի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից բռնած՝ էս ամբողջ երկիրը վառելու ու թափելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ