Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Human Rights Watch»-ում ամեն ինչ շատ լավ հասկանում են»

Հունվար 11,2016 19:44

«Քանի որ այս միջադեպը ամբողջովին նկարահանված է եւ բոլոր փաստերը վերլուծելուց հետո, ինձ համար միանշանակ է նաեւ այդ արձագանքը: Ամեն բան պարզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանն`անդրադառնալով «Human Rights Watch»-ի հայտարարությանը`Գեւորգ Սաֆարյանի ձերբակալության եւ կալանավորման առիթով:

Տիգրան Հայրապետյանը, հիշեցնենք, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպանն է: Վերջինս ձերբակալվել էր Ամանորի գիշերը`ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Իսկ հունվարի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակեց կալանքը:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան այս կառույցում համարում են, որ Գեւորգ Սաֆարյանին երկու ամսով կալանքի տակ պահելը լիովին անհամաչափ է՝ հաշվի առնելով ապացույցների բացակայությունը, որը կվկայեր, որ նա իրական վտանգ է սպառնում հետաքննությանը:

«Շատ տեղին էր իրավապաշտպան այս կառույցի այդ արձագանքը»,- ասում է Տիգրան Հայրապետյանը`հավելելով, որ բավական կարեւոր է նաեւ այն դիտարկումը, որ ակցիայի մասնակիցներից շատ ոստիկաններ էին կարգ պաշտպանում եւ տպավորություն է ստեղծվում, որ ամեն վայրկյան ոստիկանները կարող են ճնշումներ, բռնություններ գործադրել, կամ էլ ավելորդ լարվածություն են ստեղծում.

«Մանավանդ արտոնված հավաք էր եւ արտոնված հավաքի ժամանակ ոստիկանությունն իրեն այդպես չպետք է պահի`այդքան շատ ոստիկաններ, այդքան անհասկանալի գործողություններ ոստիկանների կողմից: «Human Rights Watch»-ի հայտարարության մեջ, տողոտակերում նաեւ տարակուսանք է հայտնվում, որ ինչ-որ եղեւնու տպավորություն թողնող մարդիկ թույլ չեն տվել, որ ոստիկանները հրապարակ մտնեն: Այսինքն, միջադեպ չի եղել, ոչ ոք չի սպառնացել հասարակական կարգին, այլոց սահմանադրական իրավունքները չի խախտել: Ոստիկանությունն էլ, որ հղում է կատարում, թե արգելված էր, պետք է ինչ-որ գրություն լինի`որոշում կամ ինչ-որ մի հրաման: Չկա: Այս պարագայում, բնականաբար, ոստիկանության բոլոր գործողություններն անօրինական են եւ «Human Rights Watch»-ում այս ամենը շատ լավ հասկանում են»:

Տիգրան Հայրապետյանն ասում է, որ «Human Rights Watch»-ը հայտնել է այն դիրքորոշումը, ինչը շատերն այս տարիների ընթացքում փորձում են ապացուցել ՀՀ դատարաններում: Նա հուսով է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպության այս դիրքորոշումը լրացուցիչ ազդակ կլինի, որպեսզի մեր դատական ատյաններն ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031