Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց նման կարգի քաղաքական հորդորների հայ-լեհական հարաբերություններն ավելի լավ կզարգանան»

Հունվար 11,2016 19:25

Նախորդ 3-4 տարիների ընթացքում հայ-լեհական մի շարք ծրագրեր չեն իրականացել լեհական կողմի ոչ հետևողական քայլերի պատճառով: «Այլընտրանք հետազոտական կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա պատճառը Արևմուտքի հորդորներն են եղել՝ ՌԴ-ի, ԵՏՄ-ի հետ ձեռնպահ մնալ համագործակցությունից:

Պարոն Մանասերյանը այս փաստի մասին բարձրաձայնեց այն ժամանակ, երբ նրան հիշեցրինք ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի՝ մեկ օր առաջ հնչեցրած այն կարծիքը, թե «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը խնդիր է հայ-լեհական տնտեսական հարաբերությունների համար»:

Թաթուլ Մանասերյանը, հիշելով Լեհաստանի նախկին դեսպանին, որը ըստ նրա՝ նույնպես աչքի չէր ընկնում բարյացակամությամբ ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԵՏՄ հարաբերություններում, նշեց, թե ցանկալի կլիներ, որ դեսպաններն ավելի բարեկամական դիրքերից հանդես գային, քանի որ Լեհաստանն, ընդհանուր առմամբ մեզ համար մնում է բարեկամ երկիր, և հայ-լեհական հարաբերությունները զարգացնելու հարցում դրական տրամադրվածություն ունենք: Հայ- լեհական տնտեսական հարաբերությունները տնտեսագետը համարում է քաղաքականացված ու պատճառաբանում.

«Լեհաստանը հակասական դերակատարություն ունի Հայաստանի հարցում և ԵՄ ծրագրերում: Անձամբ ես գիտական, կրթական տնտեսագիտական հարցերով շփվել եմ լեհ ամենաբարձր օղակների հետ, որոնք բնավ չեն արտահայտում այն տեսակետը, որ հայտնել է Լեհաստանի դեսպանը: Չպետք է մոռանալ, որ դրա հիմնական պատճառներից մեկը արևմտյան գերտերությունների կողմից թելադրանքն է՝ նման վերաբերմունք ձևավորել հայ- ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Մինչդեռ հայ- լեհական հարաբերություններն իրենց բնականոն հունով զարգանում են, և եթե նման կարգի քաղաքական հորդորներ չլինեն, դրանք ավելի նպաստավոր հունով կընթանան»:

Հակադարձելով դեսպանին՝ պարոն Մանասերյանը նշեց, թե Հայաստանը լավ հնարավորություն ունի զարգացնելու կապերը ոչ միայն Լեհաստանի, այլև ԵՄ-ի հետ: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ԱՀԿ անդամ է, և այդ տեսանկյունից դեսպանի հայտարարությունները հակասական են, քանի որ խաղի կանոններն այս դեպքում նույնն են, ինչ ԵՄ անդամ երկրների համար: Մեր այն դիտարկմանը, թե դեսպանը առարկայական մտահոգություններ է հայտնում, մատնանշում սննդամթերքի արտահանման հարցը, երբ լեհ արտահանողները հրաժարվում են ՀՀ-ում ծրագրեր իրականացնել, ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պատճառով նոր ծախսերի ի հայտ գալով հիմնավորված, Թաթուլ Մանասերյանը արձագանքեց, թե տեսնում է քաղաքական հորդոր ու հավելեց. «Չեմ բացառում, որ դա հենց որոշիչ ազդեցություն է ունեցել: Մյուս կողմից վստահաբար կարելի է ասել, որ հենց անցյալ տարվա ընթացքում բավական դրական միտումներ են նկատվել ՀՀ-ից սննդամթերքի արտահանման ծավալների մեջ, այդ թվում նաև ԵՄ անդամ երկրների հետ:

Այստեղ հակասություն եմ տեսնում, քանի որ Լեհաստանը չի կարող այլ պահանջներ ունենալ, ինչ ԵՄ-ն: Նոր ծախսերը հնարավոր է լինեն երրորդ երկրների հանդեպ, քանի որ թե′ ԵՏՄ-ն, թե′ ԵՄ-ն իրենք են որոշում միասնական սակագներ այդ երկրներից ապրանքներ ներմուծելու համար. նպատակ է դրվում ներքին հայրենական ապրանքների արտադրությունը խթանել:Բայց այստեղ էլ կան սահմանափակումներ, քանի որ, օրինակ, Հնդկաստանը կամ Չինաստանը չեն կարող անսահման արտահանել դեպի Լեհաստան կամ ԵՄ երկրներ. միասնական որոշում են՝ որքան թույլ տալ, որքան՝ ոչ, դրանից ավել, եթե պետք է ներմուծել, ապա լրացուցիչ ծախսեր են առաջանում, բայց դա լեհ արտահանողի հաշվին չէ, որ լինում է: Բացի այդ ՀՀ-ին ԵՏՄ շրջանակներում տրվել են արտոնություններ մի քանի հարյուր արտադրանքների գծով, ներառյալ սննդամթերքը, ուստի հիմա դեռ այն փուլը չէ, երբ կարելի է ասել, որ Հայաստանը տուժում է նման թանկացումներից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031