Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում սուր շնչառական հիվանդությամբ 77 հիվանդ կա, որից 11-ը արհեստական շնչառական ապարատով է շնչում: Ըստ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի՝ նրանցից 4-ը H1N1 վիրուսով են վարակված:
Այսօր նախարարությունում ոլորտի պատասխանատուները ներկայացրին հանրապետությունում գրիպի համաճարակային իրավիճակը` վստահեցնելով, որ այն վերահսկելի է եւ գրիպի համաճարակ չկա: Հարցին, թե որքան մարդ պետք է վարակվի, որ դիտվի համաճարակ, Վահան Պողոսյանը պատասխանեց, որ հստակ սահմանումներ չկան եւ, որ հատուկ մեթոդոլոգիայով են հաշվում եւ պարզում համաճարակ է, թե` ոչ:
Վահան Պողոսյանի տվյալներով, այսօր հանրապետությունում արձանագրված է սուր շնչառական վիրուսային հիվանդության 855 դեպք, որից 170-ի մոտ հաստատվել է H1N1 գրիպի տեսակը: Սակայն ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի, չի նշանակում, որ դեպքերի թիվը դրանով սահմանափակվում է, դրանք ընդամենը հաստատված դեպքերն են:
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 11 հիվանդից մեկը ծննդկան է, սակայն H1N1-ով վարակված չէ, բայց, ինչպես պարոն Պողոսյանն ասաց` վիճակը ծանր է:
Կարդացեք նաև
855 հիվանդներից 330-ը թոքաբորբով են հիվանդ:
Գրիպի վիրուսի վարակվելիությամբ, ռիսկի խմբում են հղի կանայք, երեխաները, տարեց մարդիկ, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները:
Վահան Պողոսյանը կոչ արեց ամենաթեթեւ նշանի դեպքում անգամ դիմել ամբուլատոր ծառայություն կամ հիվանդանոց: Այս օրերի ընթացքում հոսպիտալացվել է 101 հղի կին:
Անցյալ տարի գրիպի վիրուսից մահացել է 3 քաղաքացի, այս տարի մահացության արդեն 6 դեպք է գրանցվել, որոնց մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը:
Փոխնախարարի համոզմամբ, պետք չէ խուճապի մատնվել, քանի որ հրապարակված թվերն այնքան էլ բարձր չեն: Հարեւան Իրանում H1N1 վիրուսից 47 մարդ է մահացել:
Հիվանդության բարդեցման պատճառներից մեկն էլ, ըստ Վահան Պողոսյանի, այն է, որ մարդիկ ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի, տանն ինքնաբուժմամբ են զբաղվում: Մինչդեռ, ինչպես Վահան Պողոսյանն է վստահեցնում՝ առողջապահության նախարարի հրահանգով տոնական օրերին ամբուլատորիաները աշխատել են, եւ հիվանդանոցները քաղաքացիներին այսօր էլ անվճար բուժօգնություն են ցուցաբերում` կապված գրիպի վիրուսի հետ:
Վարակի տարածման պատճառներից մեկն էլ, նախարարության մասնագետների համոզմամբ, տոնական օրերի բազմաթիվ շփումներն են:
Հարցին, թե այս օրերին գրիպի վիրուսի դեմ դեղորայքը դեղատներում բավականին թանկացել է եւ մի շարք դեղերի դեֆիցիտ է առաջացել, նախարարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, պարոն Պողոսյանն ասաց, որ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովն ուսումնասիրություն կատարի, թե որ տնտեսվարողներն են առիթից օգտվել եւ դեղերը թանկացրել:
Դպրոցներում ու մանկապարտեզներում ոչ աշխատանքային օրերը կրկին հետաձգելու անհարժեշտության մասին այս պահին նախարարությունը ոչինչ չի կարող ասել: Ըստ Վահան Պողոսյանի, քանի որ երեխաները ռիսկի խումբ են համարվում եւ փակ տարածություններում հավաքվելով էլ հեշտությամբ գրիպի վարակը փոխանցում են իրար, ապա, կախված իրավիճակից էլ կորոշեն՝ կրկին հետաձգե՞ն, թե՞ ոչ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ