Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինբարեկարգման վարչության պետին հանձնարարել է ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին իրազեկել, որ կնքված պայմանագրերին համապատասխան` վերջիններս սեփական միջոցներով կազմակերպեն մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:
Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ ներկայում փողոցներում գոյացած փոսերի թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է: Դրանք հիմնականում ի հայտ են եկել այն փողոցներում, որոնց շահագործման երաշխիքային ժամկետը կամ սպառվել է, կամ էլ ավարտին մոտ է: Այդուհանդերձ, հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել, որ տրանսպորտային միջոցների երթևեկության համար արհեստական դժվարություններ չստեղծվեն:
Քաղաքապետը նաև նշել է, որ փոսալցման գործընթացը ժամանակավոր երևույթ է, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում կիրականացվի ընդունված չափորոշիչներին համապատասխան ասֆալտապատում:
Երևանի քաղաքապետարան