Վարչական դատարանում հունվարի 11-ին դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործով դատաքննությունը:
Սակայն, նիստին ո՛չ Գասպարին, ո՛չ նրա ներկայացուցիչը չէին ներկայացել: Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ Վարդգես Գասպարին պատշաճ ծանուցված է եղել: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, որ այդ դեպքում հնարավոր է վերջինիս բացակայությամբ շարունակել գործի դատաքննությունը:
Նշենք, որ մեկ այլ դատական գործով Գասպարին հայտարարել է, որ չի ներկայանալու դատարան, եւ իր բացակայության դեպքում չի լիազորում իր փաստաբաններին պաշտպանել իր շահերը:
Սոնա Մելիքյանը ամփոփիչ ճառի գրավոր տարբերակով հանձնեց դատարանին, իր խոսքերով ժամանակը խնայելու եւ ընթերցանության չվերածելու համար: Նա պարզապես խնդրեց դատարանին բավարարել ոստիկանության հայցը, եւ մերժել հակընդդեմ հայցը: Հիշեցնենք՝ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Կարդացեք նաև
Գործի դատաքննությունն ավարտվեց: Վճիռը կհրապարակվի հունվարի 16-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ