«Գեւորգը պայմաններից գոհ էր, իրեն ընդհանուր առմամբ, լավ էր զգում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա այսօր այցելել է իր պաշտպանյալին:
Գեւորգ Սաֆարյանը, հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա ձերբակալվել էր Ամանորի գիշերը, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Իսկ հունվարի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակեց կալանքը:
Գեւորգ Սաֆարյանի կալանավորման որոշումն արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Դատարանն առաջիկա 10 օրերի ընթացքում կքննարկի այն: Փաստաբանն ասաց, որ մինչեւ այդ հնարավոր է նաեւ դիմեն, որպեսզի կամ գլխավոր դատախազը փոխի խափանման միջոցը, կամ առաջին ատյանի դատարանը` գրավի դիմաց Գեւորգին ազատ արձակի: Տիգրան Հայրապետյանն այդ հարցով խորհրդակցել է իր պաշտպանյալի հետ, եկել են ընդհանուր եզրահանգման: Մանրամասները, սակայն, վաղը կարող են հստակ բարձրաձայնել:
Կարդացեք նաև
«Գեւորգը բարեւներ է փոխանցել իր գաղափարակից ընկերներին: Նա իրեն համարում է քաղբանտարկյալ եւ գտնում է, որ իրեն պարզապես մեկուսացրել են այս կերպ վարվելով»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ