Որոշ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Եվրամիության դեսպանների այն կարծիքները, թե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը կարող է խոչընդոտներ ստեղծել իրենց երկրների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության առումով, առանձնապես մտահոգություն առարկա չեն, քանի որ նման հայտարարություններով դեսպաններն իրենց խնդիրներն են լուծում Ռուսաստանի հետ:
Օրինակ՝ Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը խնդիր է հայ-լեհական տնտեսական հարաբերությունների համար»:
Դեսպանը ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին համարում է հայ-լեհական տնտեսական համագործակցության ոլորտում եղած ձախողումների պատճառներից մեկը և մտահոգություն հայտնում, որ հատկապես սննդամթերքի արտահանողները հրաժարվում են իրենց նախագծերից եւ նույնիսկ ներդրումներ այլևս չեն ցանկանում անել Հայաստանում՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պատճառով նոր ծախսերի ի հայտ գալու պատճառով:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը՝ ԵՏՄ-ին անդամակցելով շատ բան չե՞նք կորցնում, դեսպանի նման հայտարարությունը իրենց՝ ԵՏՄ-ի ջատագով ՀՀԿ-ականներին չի՞ անհանգստացնում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ թե շատ կորցնելու, այլ մենք ընդհանրապես կորցնելու բան չունենք, քանի որ եթե Լեհաստանը համեմատենք ԵՏՄ-ի հետ, ապա այն ԵՏՄ-ի մեկ քսաներորդն էլ չի կազմում: Այսինքն՝ համեմատելու որևէ խնդիր չկա, այնպես որ, չեմ կարծում, որ մենք հատկապես Լեհաստանի հետ կապված պետք է լուրջ մտահոգություն ունենանք»:
Պարոն Ավետիսյանը նկատեց, թե թվերն ու փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ-ն Լեհաստանի հետ առևտրաշրջանառության փոքր ծավալներ ունի, ուստի որևէ խնդիր չի առաջանում:
Իսկ դեսպանի հայտարարությանը այսպիսի գնահատական տվեց. «Բնական է՝ Եվրամիության շատ երկրների դեսպաններ կարող են նման հարցերի մասին խոսել: Ավելի շատ իրենք իրենց խնդիրներն են փորձում լուծել ԵՏՄ-ի ու հատկապես Ռուսաստանի հետ, բայց կարծիքներ արտահայտելուց առաջ պետք է նայել փաստերին ու թվերին ու տեսնել, թե որ երկրի հետ ինչ առևտրաշրջանառության ծավալներ ունենք»:
Մեր հարցին՝ մասնավորապես ի՞նչ նկատի ունի, դեսպանը նման հայտարարությամբ ի՞նչ խնդիր է լուծում, Սուքիաս Ավետիսյանը հորդորեց անձամբ Լեհաստանի դեսպանին հարցնել ու պնդեց. «Ես կարծում եմ, որ մեզ վրա որևէ կերպ չի ազդել ԵՏՄ անդամակցությունը»:
Մեր այն հիշեցմանը, թե դեսպանը կոնկրետ ոլորտներ է մատնանշում, օրինակ՝ սննդամթերքի շուկան, երբ լեհ արտահանողները հրաժարվում են ՀՀ-ում ներդրումներ անել, կամ «Լյուբավա» ընկերության գործունեության հետ կապված խնդիրները, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Տարբեր եվրոպական ընկերություններ փորձում են նոր շուկաներ գտնել: Չմոռանանք, որ ռուսական շուկան նրանց համար փակ է, և բնական է, որ պետք է փորձեն նոր շուկաներ որոնել: Այնպես չէ, որ մենք մտել ենք ԵՏՄ, ու Եվրամիության երկրների հետ մեր հարաբերությունները խզվում են: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել շարունակելու համագործակցությունը»:
Մեր այն դիտարկմանը՝ ԵՏՄ անդամակցության արդյունքում, միևնույն է, դեռ օգուտներ չենք տեսել, ավելին՝ նվազել է ապրանքաշրջանառությունը հենց ԵՏՄ անդամ երկրների հետ, պարոն Ավետիսյանը գերադասեց չպատասխանել, խոստանալով, որ այդ մասին հետո թվերով ու փաստերով վերլուծություններ կանի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ