ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր Գյումրիում էր. նա շրջեց Գյումրի բժշկական կենտրոնում, եղավ ինֆեկցիոն հիվանդանոցում, որից հետո ուղեւորվեց Վանաձոր:
Լրագրողների հետ զրույցում Արա Ասոյանն ասաց, որ այս տարի հայտնաբերվել է H1N1վարակը, որն այլ կերպ ժողովուրդը կոչում է խոզագրիպ: «Հանրապետությունում երեկվա տվյալներով գրանցված գրիպով հիվանդների թիվը եղել է 698, սա գրանցվածների թիվը, բնականաբար իրական թիվը, բոլորդ էլ գիտակցում եք, որ շատ ավելի շատ կլինի, ինչո՞ւ, որովհետեւ դուք, ձեր հարազատները միշտ չէ, որ գրիպի հարցով դիմում եք որեւիցե բժշկական հիմնարկ: Բայց վիճակն այնպիսին է, որ հսկում ենք, նայում ենք, ի վերջո եթե ես մի լուրջ աշխատանքային խմբով եկել եմ իմ սիրած քաղաք Գյումրի, դա նշանակում է, որ վիճակը հսկում ենք: Գյումրի բժշկական կենտրոնում նայել ենք պառկած բոլոր պացիենտներին՝ 16 թոքաբորբով հիվանդ կա այստեղ»,- ասաց Արա Ասոյանը:
Նա նաեւ ասաց, որ գրիպով հիվանդների 80-85 տոկոսը վարակված են H1N1-ով: Գլխավոր ինֆեկցիոնիստը խորհուրդ է տալիս չֆիքսվել «Տամիֆլյու» դեղամիջոցի վրա, որովհետեւ, ըստ նրա, դա մոդայիկ մի բան էր, եկավ ու անցավ, կան այլ արդյունավետ դեղամիջոցներ եւս:
«Ես ուզում եմ խնդրել մեր լրագրողներին, որ խուճապ չառաջացնեն, կա հիվանդության բարձրացում ամբողջ աշխարհում, մեզ շրջապատող երկրներում՝ Իրանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, ամեն տեղ էլ կա: Խուճապն ու բարձր զգոնությունը իրար շատ մոտ են, պետք է տարբերակենք երեւույթները: Կարծում եմ, մենք խուճապ չունենք եւ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ հսկա մի թիմ, շատ մեծ թիմ առողջապահության նախարարության աշխատակիցների՝ տարբեր մասնագետներով, լցված աշխատում ենք», -ասաց Արա Ասոյանը:
Կարդացեք նաև
Գլխավոր ինֆեկցիոնիստը տեղեկացրեց, որ մահվան վեց դեպք է գրանցվել, մեկը Ռուսաստանից եկել էր Ախալքալակ, որից հետո Աշոցք, Աշոցքից՝ Գյումրի, այնուհետ Երեւան, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը:
Հարցին՝ արդյոք դրսից չեն բերում վիրուսը Հայաստան, Արա Ասոյանն ասաց. «Հայաստանում ոչ մի օդակաթիլային վարակ չի ծնվում հողից կամ ծառից կամ թմբերից, դա միշտ մեզ մոտ բերվում է կամ Ռուսաստանից կամ Իրանից կամ այլ երկրներից»:
Այնուհետ հումորով շարունակեց. «Սա օդակաթիլային վարակ է, որը պատկերացրեք սահմանն անցնելուց ո՛չ անձնագրային կանտրոլ են կատարում, ո՛չ էլ մաքսազերծում, շատ հեշտ թափանցում է, դրա համար շատ դժվար է կանխարգելել կամ փակել կամ պատնեշ կատարել»:
Շիրակի մարզում, ըստ Արա Ասոյանի, իրավիճակն ավելի մեղմ է մյուս մարզերի հետ համեմատ, այս մարզը վարակի տարածմամբ 4-5-րդ տեղն է զբաղեցնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ