Լրահոս
Օրվա լրահոսը

Քնաբան. «Պետք է ֆիքսված ժամերի քնել-արթնանալ» (Տեսանյութ)

Հունվար 11,2016 13:58

«Քունը շատ կարեւոր գործառույթ է, որը հաճախ շատերի կողմից անտեսվում է: Տոնական օրերին գրեթե ամեն ինչ տրամադրում է քունը խանգարելուն՝ ուշ ժամին ցուցաբերած ակտիվությունը, սննդակարգի շեղումը եւ այլն: Կամքի ուժ ցուցաբերելը շատ կարեւոր է, որպեսզի մի քանի օրում մարդը վերադառնա նախկին քնի ռեժիմին եւ սննդակարգին: Դա կօգնի օրը կարգավորել եւ անցումներին ավելի հեշտ հարմարվել»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով հետտոնական շրջանում քնի ռեժիմի խանգարումների մասին, ասաց քնաբան Սամսոն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է հստակ ժամերի քնել-արթնանալը. «Խորհուրդ ենք տալիս ֆիքսված ժամերին քնել-արթնանալ, այդ թվում՝ հանգստի օրերին: Իհարկե, խոսքը չի վերաբերում ժամը յոթին արթնանալուն, բայց գոնե տարբերությունը շատ չպետք է լինի: Իսկ տոնական օրերին ամեն ինչ խառնվում է՝ հյուրեր, այցելություններ, ոչ ճիշտ սննդակարգ եւ այլն»:

Քնաբանն անդրադարձավ նաեւ այն խնդրին, երբ հետտոնական օրերին շատերը չեն կարողանում ժամանակին արթնանալ. «Դա ներքին կենսառիթմի հետ է կապված: Գլխավոր ազդակը, որը կապ ունի քնի ռիթմի հետ, լույսն է: Ձմռանն օրվա լուսավոր մասն ավելի սահմանափակ է, ինչը կարող է ռեժիմը խախտել: Ցերեկային ժամերին բնական լուսավորությունն օգտագործելով եւ արհեստական կերպով «մթնեցնելով» երեկոյան ժամերը՝ կարող ենք քնի համակարգը մարզել: Քնի ռիթմի խանգարումները, «արտույտի» ու «բուի» կենսակերպերն այս օրերին ավելի են արտահայտվում: Օրինակ «բուերի» համար քնի ռեժիմը շեղվում է դեպի ուշ ժամերը եւ նրանք խնդիր են ունենում առավոտյան ժամանակին արթնանալու եւ աշխատանքի կամ ուսման վայր հասնելու»:

Սամսոն Խաչատրյանը նաեւ խորհուրդ տվեց սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031