Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. ՀՀ տնտեսական աճին կխոչընդոտեն քաղաքական դրդապատճառները

Հունվար 11,2016 13:06

Հունվարի 6-ին Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակեց աշխարհի մի շարք երկրների ՀՆԱ կանխատեսումներն այս տարվա եւ եկող տարիների համար, համաձայն որոնց 2016 թվականին մեր երկրում համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն կկազմի 2.2%` նախորդ տարվա 2,5-ի փոխարեն: Այսօր «Հենարան» ակումբում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը ՀԲ կանխատեսումն իրատեսական համարեց եւ ասաց, որ նույն թիվը նաեւ ՀՀ բյուջեում է արձանագրված:

ՀՀԿ-ական տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ քաղաքական դրդապատճառներով Հայաստանի տնտեսական աճը խոչընդոտներ է ունենում եւ դժվարացավ կանխատեսել, թե այս տարի աղքատության ցուցանիշը որքանով կավելանա, տրանսֆերտներն էլ որքանով կնվազեն:
Պարոն Մինասյանի խոսքերով. «Այս առումով շարունակվում են, ցավոք, տնտեսական սանկցիաները մեր հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում է, նավթի գնի անկումը շարունակվում է, որն այս պահին արդեն 32,5 դոլար է մեկ բարել նավթը, սրանք լրացուցիչ մարտահրավերներ են մեզ համար»:

Նա, որպես մարտահրավեր, մատնանշեց նաեւ Հայաստանի հարավային հարեւանի` Իրանի` Սաուդյան Արաբիայի հետ ունեցած խնդիրը: Ըստ նրա, Սաուդյան Արաբիան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, որոնցում ներգրավված է նաեւ մեր հարեւան Թուրքիան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Գագիկ Մինասյանի համոզմամբ, այնտեղ իրավիճակը, նավթի գների անկմամբ պայմանավորված, բարդ կլինի եւ Ադրբեջանը ֆինանսական խնդիրներ կունենա. «Կանխատեսումների համաձայն՝ այդ իրավիճակը խորանալու է: Խոսում են այն մասին, որ նավթի գինը կհասնի 20 դոլարի: Ադրբեջանն այս տնտեսական վիճակից իր հասարակությանը շեղելու համար սահմանին ավելի է լարելու իրավիճակը»:

Ռուբլու արժեզրկումը, նավթի գների անկումը շարունակում են Հայաստանի համար էլ մարտահրավեր լինել, քանի որ մեր երկրի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է:

2016թ.-ին՝ Հայաստանի տնտեսական մարտահրավերները մեղմելու համար Գագիկ Մինասյանն առաջարկում է արտահանումը դիվերսիֆիկացնել, գյուղատնտեսական ապրանքների արտահանումն ավելացնել: Նրա կարծիքով, Հայաստանն օգտվելով առիթից, որ ՌԴ-ն թուրքական ապրանքների նկատմամբ արգելքներ է կիրառում, պետք է ներդրումներ կատարի եւ ռուսական շուկային կայուն մատակարարի այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, որոնց կարիքն ունի ռուսական շուկան: Ըստ պարոն Մինասյանի, թուրքական ապրանքներից հրաժարվելը դեռեւս չի նշանակում, որ Հայաստանից բացի՝ այդ շուկա մուտք գործողներ չեն լինի, նկատի ունենալով նաեւ Միջին Ասիայի երկրները:

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի աշխատանքները Գագիկ Մինասյանը դրական է գնահատում` անկախ այն բանից, որ դրա կառուցումը ֆինանսական խնդիրների, չարաշահումների պատճառով այդքան ձգձգվեց: Ըստ նրա, «չարաշահումները բացահայտվել են, մեղավորները հավուր պատշաճի պատասխան են տվել»:
Անդրադառնալով ներքին «մարտահրավերներին», ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ հետեւողական պայքար պետք է մղել կոռուպցիայի դեմ եւ հավասար մրցակցային պայմաններ հաստատել բիզնեսի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031