Ամանորին շատերն են հնդկահավ պատրաստում: Մատուցման առաջին իսկ օրը հնդկահավը տեսքից ընկնում է եւ հաջորդ օրվա հյուրերին մատուցելու համար այնքան էլ պիտանի չի լինում: Անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե հնդկահավից բան չի մնացել, ոսկրահան անելուց հետո մի մեծ աման միս է հավաքվում: Առաջարկում եմ այդ մսով պատրաստել գեղեցիկ կարկանդակ:
Ընդ որում, կարկանդակի բաղադրամասերը համապատասխանեցրեք ձեր պատրաստած հնդկահավի հետ: Ես, օրինակ, այս տարի հնդկահավը լցոնել էի խնձորով, դարչինով, նարնջով, իսկ հնդկահավի կաշվի տակ տարածել էի գետնանուշի կարագը՝ քաղցր-աղի համով: Այդ իսկ պատճառով՝ կարկանդակի բաղադրությունն էլ նման էր հնդկահավին:
Սակայն, եթե դուք հնդկահավը պատրաստել եք, ասենք, տոմատի թանձրուկով, սխտորով, չամանով, բնականաբար, այդ հնդկահավի հետ կարկանդակի մեջ իմաստ չունի խնձոր եւ սալորաչիր դնել, կարող եք, ասենք, պղպեղ, սոխ, սխտոր, տոմատի թանձրուկ անել: Մի՛ վախեցեք գործել ձեր երեւակայությանը համապատասխան:
Նկատեմ նաեւ, որ այս կարկանդակը կարելի է պատրաստել նաեւ տարվա այլ օրերին, օրինակ, տապակած հավից մնացած կտորներից:
Կարդացեք նաև
Անհրաժեշտ մթերքները
Հնդկահավի եփված (տապակած) միս` առանց ոսկորների- 400-500 գրամ
Խնձոր (ցանկալի է թթված, օրինակ՝ սեմիրենկո տեսակի)- 2-3 հատ
Սալորաչիր- 10 հատիկ
Պղպեղի թանձրուկ (կարելի է փոխարինել պարզապես թթվասերով կամ մայոնեզով)- 2 ճաշի գդալ
Գետնանուշի կարագ- 2 ճաշի գդալ (եթե պատրաստին չունեք, կարող եք պատրաստել այս բաղադրատոմսով
Աղ, պղպեղ, դարչին- ըստ ճաշակի
Շերտավոր խմոր- 400 գրամ
Ձվի դեղնուց- 1 հատ
Պատրաստման եղանակը
Հնդկահավի միսը մանրել, խնձորը կեղեւահանել, կտրատել մոտավորապես նույն չափի, ինչ հնդկահավը: Նույնը նաեւ՝ սալորաչիրը:
Լցնել խորը ամանի մեջ, ավելացնել պղպեղի թանձրուկը (վաճառվում է սուպերմարկետներում, բայց կարող եք փոխարինել թթվասերով), գետնանուշի կարագը, համեմունքները: Լավ խառնել:
Շերտավոր խմորը բացել, բաժանել երկու մասի: Պատառաքաղով լավ ծակծկել: Մի մասը դնել ջեռոցի թավայի մեջ, վրան լցնել միջուկը, ծածկել երկրորդ մասով: Վերեւում «օդանցք» բացել՝ խաչաձեւ փոքր կտրվածք անել, որպեսզի կարկանդակի ներսում հավաքված օդը դուրս գալու հնարավորություն ունենա:
Կարկանդակի վրա կարող եք խմորով զարդարել: Վրան ձվի հարած դեղնուց քսեք, կարող եք նաեւ քունջութ ցանել, եւ դրեք 200-210 աստիճանով տաքացրած ջեռոցը 20-25 րոպեով, մինչեւ խմորը եփվի:
Կարկանդակը կտրեք, երբ փոքր-ինչ սառչի:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ