Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հրապարակել է հետեւյալ զգուշացումը. «Ուժի մեջ է 11․2015թ․ զգուշացումը․Առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. «ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եգիպտոսում երեկ կրկին զինված հարձակումներ են տեղի ունեցել։ Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են հյուրանոցներից մեկի վրա: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է երեք զբոսաշրջիկ, երկուսը՝ Ավստրիայի, մեկը Շվեդիայի քաղաքացիներ են: Իսկ Կահիրեի հարավ-արևմտյան Գիզա արվարձանում անհայտ անձը կրակոցներով սպանել է ծառայության մեկնող մեկ ոստիկանի և մեկ զինծառայողի: