Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շրջայց է կատարել բուժհաստատություններում

Հունվար 09,2016 15:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր շնչառական հիվանդությունների  թվի որոշակի աճով պայմանավորված, հունվարի 9-ին և 10-ին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:

Տեղերում իրավիճակին ծանոթանալու համար Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետի տեղակալին նախ ներկայացրել է դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7 –ը պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների  վիճակագրությունը, ըստ որի, հետազոտվել է 915 քաղաքացի, իսկ շտապ օգնության ծառայության  կողմից սպասարկվել է շուրջ 6800 կանչ, որից 1150-ի դեպքում քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: Քաղաքապետի տեղակալը շրջայցի ընթացքում հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել հատկապես սուր  շնչառական հիվանդություններով դիմած քաղաքացիներին ցուցաբերվող օգնության, հետագա բուժման և տնային կանչերի իրականացման ընթացքի մասին:

Ինչպես բուժհաստատությունների ղեկավարները, այնպես էլ մասնագետները վստահեցրել են, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճին, ներկայում համաճարակային կամ, առավել ևս, խուճապի մատնվելու որևէ հիմք չկա և իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Բուժհաստատություններում ապահովված է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների մասնագետների ներկայությունը:

Առանձին բուժհաստատություններում այս օրերին արձանագրված ցուցանիշները ուղիղ համեմատական, երբեմն էլ անգամ ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Իսկ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճը տարվա այս ժամանակահատվածում բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով: Այդուհանդերձ, քաղաքապետի տեղակալը բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարել է հնարավորին արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել բարեխիղճ և պատշաճ սպասարկում և հետամուտ լինել նրա լիարժեք ապաքինմանը:

Դավիթ Օհանյանը այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ ծանոթացել է նաև այլ հիվանդությունների ախտանիշներով ստացիոնար բուժում ստացող հիվանդների բուժման դինամիկային: Քաղաքապետի տեղակալը բոլոր բուժհաստատություններում զրուցել է հիվանդների և նրանց հարազատների հետ, քաջառողջություն մաղթել, նաև հորդորել՝  ցանկացած գանգատի դեպքում դիմել բժիշկների օգնությանը և չզբաղվել ինքնաբուժմամբ: Քաղաքապետի տեղակալը  վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031