Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը միանգամայն համարժեք է համարում միջազգային կառույցների արձագանքը`Ամանորի մեկնարկին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք, Ամանորի գիշերը, Ազատության հրապարակում այլընտրանքային տոնածառ տեղադրելու «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ քաշքշուկ էր եղել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Արդյունքում, Ամանորի գիշերը, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Իսկ հունվարի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակեց կալանքը:
Այդ առիթով հայտարարություն է տարածել միջազգային իրավապաշտպան կազմակերպություն «Human Rights Watch»-ը: Հեղինակավոր այս կառույցում համարում են, որ Սաֆարյանին երկու ամսով կալանքի տակ պահելը լիովին անհամաչափ է՝ հաշվի առնելով ապացույցների բացակայությունը, որը կվկայեր, որ նա իրական վտանգ է սպառնում հետաքննությանը. «Առանց որեւէ հիմնավոր պատճառի Սաֆարյանին ճաղերի հետեւում պահելով, դժվար չէ եզրակացնել, որ իշխանությունները թիրախավորում եւ ազատազրկում են նրան իր քաղաքական խաղաղ ակտիվիզմին միջամտելու համար»:
Դավիթ Սանասարյանին, սակայն, առավել հուզում է ոչ թե միջազգային կառույցների վերաբերմունքն, այլ հայաստանցիները, ովքեր, ըստ նրա, գերադասեցին «տաք տներն ու խմիչքները»: Ակտիվիստի կարծիքով, այդ օրը մարդիկ ոչ թե պետք է ուտել-խմելով զբաղվեին, այլ բողոքի ակցիաներով դուրս գային մայրաքաղաքի փողոցներ: Ամեն դեպքում, նա նաեւ միջազգային կառույցներին կոչ է անում`չֆինանսավորել ՀՀ ոստիկանությանը, քանի որ բարելավման նպատակով տրամադրվող գումարները զուտ ձեւական բնույթով են նպատակին ծառայում, իս ոստիկանության գործելաոճում, ըստ էության, փոփոխություններ չեն լինում:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ