Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգ Սաֆարյանին երկու ամսով կալանքի տակ պահելը լիովին անհամաչափ է». «Human Rights Watch»

Հունվար 09,2016 02:44

Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստին, որը ձերբակալվել է 2016 թվականի հունվարի 1-ին հավաքի ընթացքում, համարում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Այս մասին հայտնում է «Human Rights Watch»-ի պաշտոնական կայքը: Նշված է, որ իշխանությունները նաեւ պետք է վերանայեն հավաքի ընթացքում ոստիկանության վարքագիծը եւ հնարավոր ոստիկանական միջամտությունը մտքի, խոսքի եւ հավաքների ազատությանը:

«Հաշվի առնելով միջադեպի չնչին բնույթը՝ երկու ամիս նախնական կալանքն արդարացված չէ»,- ասել է «Human Rights Watch»-ի Հարավային Կովկասի ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: «Նախնական կալանքը պետք է լինի վերջին տարբերակը, ոչ՝ համատարած, եւ միայն այն դեպքերում, երբ հիմնավոր մտավախություն է առկա, որ անձը կարող է խուսափել արդարադատությունից կամ խոչընդոտել քննությանը»:

Հունվարի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազին ուղղված նամակում «Human Rights Watch»-ը մեղադրանքների եւ նախնական նկատմամբ իր մտահոգությունն է հայտնել եւ կոչ է արել նրան ազատ արձակել՝ սպասելով քննությանը:

Կազմակերպությունը կարծում է, որ իշխանությունները վերանայելով ոստիկանության վարքագիծը, պետք է քննեն ոստիկանությանը տրված հանձնարարականները: Վերանայումը պետք է ներառի նաեւ միջոցառմանը ներկա իրավապահ մարմինների քանակը, նրանց ներգրավածության պայմանները եւ հավաքի մասնակիցների առաջ քաշած սահմանափակումները կամ պայմանները, այդ թվում նաեւ կապված դեկորացիաների եւ զգեստների հետ:

«Human Rights Watch»-ը համարում է, որ Սաֆարյանին երկու ամսով կալանքի տակ պահելը լիովին անհամաչափ է՝ հաշվի առնելով ապացույցների բացակայությունը, որը կվկայեր, որ նա իրական վտանգ է սպառնում հետաքննությանը:

«Առանց որեւէ հիմնավոր պատճառի Սաֆարյանին ճաղերի հետեւում պահելով, դժվար չէ եզրակացնել, որ իշխանությունները թիրախավորում եւ ազատազրկում են նրան իր քաղաքական խաղաղ ակտիվիզմին միջամտելու համար»,- ասել է Գոգիան:

Հիշեցնենք՝ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Իսկ հունվարի 3-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակեց կալանքը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031