Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանուշ գյուղի բնակիչները ահազանգում են

Հունվար 08,2016 22:20

Գեղանուշ գյուղի թվով 184 բնակիչներ բարձրաձայնում են Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգների մասին.

«Մենք՝ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս, հայտարարում ենք այն մասին, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել։

Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլևս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է և հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել և ամայացել են. կտարտվել և վայրենացել են պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ էլ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները:

Պոչամբարի վերագործարկման հետևանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես օրինակ կեռասենին և ընկուզենին կամ բերք չեն տալիս կամ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է: Պոչամբարի արագորեն  լցվելու հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը ավելի է մեծանում:  Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում  գլխավորապես առավոտյան:  Պոչամբարի վերագործարկումից առաջ և հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որևէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում  բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ  կան և կլինեն:   Ակնհայտ է, որ  պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր…

Փաստորեն Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է մեր և մեր երեխաների կյանքն ու առողջությունը, նվազում են մեր եկամուտները։ Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաև այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից:

Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով  մեր կրած վնասները և բաց թողնված օգուտները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031