Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանն իրեն մեղավոր ճանաչեց

Հունվար 08,2016 17:00

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանի դատավարությունը:

Զավեն Միրիջանյանը, որն աշխատում է Կենտրոն վարչական շրջանի առեւտրի եւ սպասարկումների բաժնում, եւ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ էր, միջնորդեց, որպեսզի նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը արագացված կարգով դատավարություն կատարի, ինչին մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը չառարկեց:

mirijanyan-1

Հիշեցնենք, որ Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի եւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար: Դատախազը դատական նիստին ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2 մասի երկրորդ կետով, այն է՝ հանրորեն վտանգավոր արարք:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ արագացված դատաքննության դեպքում դատարանը փաստերը չի հետազոտելու եւ միայն հետազոտելու է մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները: Ամբաստանյալ Միրիջանյանը պնդեց միջնորդությունը, դատավորն էլ չառարկեց:

Դատախազն իր ելույթում հայտնեց, որ Զավեն Միրջանյանը 2015 թվականի նոյեմբերի 25-ին Մաշտոցի պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարքեթի մոտ հանդիպել է ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին եւ ծրարով 100 հազար դրամ կաշառք փոխանցելու փորձ արել: Դատավորը ամբաստանյալ Միրիջանյանին տեղեկացրեց, որ նա մեղադրվում է միջին ծանրության արարքի մեջ, ուստի այդ արարքի համար որոշակի ժամկետով ազատազրկում է նախատեսված:

Դատավորի հարցին Զավեն Միրիջանյանն ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում:
Ի դեպ, դատական նիստին գործով վկա Վարդան Հարությունյանը չէր ներկայացել:
Մեղադրող դատախազը, որպես պատիժ, պահանջեց դատապարտել երեք տարի՝ սակայն, որպեսզի ամբաստանյալ Միրիջանյանը պատիժը կրի պայմանական՝ փորձաշրջանով՝ հաշվի առնելով, որ Զավեն Միրիջանյանի խնամքին կա երեք երեխա, որից մեկն անչափահաս է, կինն էլ առողջական խնդիրներ ունի: Դատախազը նաեւ պահանջեց, որ իրեղեն ապացույց ճանաչված 100 հազար դրամը Զավեն Միրիջանյանից բռնագանձել եւ փոխանցել պետբյուջե:

mirijanyan

Ամբաստանյալի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը, նույնպես դատարանին ներկայացրեց մեղմացուցիչ հանգամանքն ապացուցող փաստաթղթեր: Նա ասաց, որ Զավեն Միրիջանյանը սրտանոթային լուրջ խնդիրներ ու հանգուցային խպիպ ունի: Բացի այդ, Երեւանի քաղաքապետից լավ աշխատանքի համար մի քանի տարի պարգեւատրվել է շնորհակալագրերով ու պատվոգրերով:
Դատարանը հետազոտեց մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, ապա որոշեց դատական նիստը հետաձգել՝ հաջորդ նիստը նշանակելով հունվարի 15-ին ժամը 14-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031