Եվրահանձնաժողովը տեխնիկական պայմանագիր է տրամադրել Ավիացիոն անվտանգության Եվրոպական գործակալությանն, ուղղված Արեւելյան ԵՎրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կայուն զարգացմանը՝ համաձայն միջազգային ստանդարտների: Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը հրապարակված է այսօր՝ հունվարի 8-ին Aviation Today պորտալում, հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը:
Պայմանագրի արժեքը կազմում է 5,4 մլն ԱՄՆ դոլար, պայմանագրի գործողությունը տարածվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի վրա:
«EASA-ն ձեռնամուխ կլինի պայմանագրի կատարմանը 2016թ փետրվարից: Պայմանագիրը ենթադրում է թրեյնինգների անցկացում, քաղավիացիայի ոլորտում անվտանգության կառավարման եւ վարչարարության նախաձեռնության իրականացում, աուդիտի ընթացքում ի հայտ եկած՝ անվտանգության հետ կապված հիմնախնդիրների արդյունավետ լուծում, առկա ավիացիոն համալիր պայմանագրերի իրագործման աջակցություն, աշխատանքի կանոնների եւ պրակտիկայի ստանդարտավորում՝ համաձայն անվտանգության միջազգային ստանդարտների», – ասված է հաղորդագրության մեջ:
Ֆոտո՝ EASA-ի պաշտոնական կայքից