Սբ. Ծննդյան եւ Սբ. Հարության տոներին հաջորդող օրերին կատարվում է տնօրհնեք: Եկեղեցու սպասավորներն այցելում են մարդկանց տները և փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը և բնակիչներին, տան բարիքները` հացը, աղը, ջուրը, ինչպես նաեւ օջախը: Արարողության մասին մանրամասն Aravot.am-ի հետ զրուցեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
-Արժանապատիվ Տեր հայր, խնդրում եմ մեկնեք Տնօրհնեքի արարողության խորհուրդը: Ինչո՞ւ է տնօրհնեքը կատարվում Սբ. Ծննդյան եւ Սբ. Հարության տոների առթիվ:
-Որովհետև երբ Քրիստոս Հարություն առավ, այս հրաշալի ավետիսը՝ բարի լուրը աշակերտները փոխանցում էին միմյանց և հավատացյալներին՝ որպես հոգևոր մխիթարություն: Այս ավանդույթը տարածվեց նաև Քրիստոսի Ծննդյան տոնին: Հոգևորականները շրջում էին հավատացյալների տները և միմյանց փոխանցում ավետիսը՝ կիսելով հոգևոր այն ուրախությունը, որը բխում էր Քրիստոսի Հարության և Ծննդյան տոների խորհրդից:
-Տարվա ընթացքում՝ այլ օրերին, ո՞ր դեպքերում է անհրաժեշտություն առաջանում տնօրհնեք կատարելու:
Կարդացեք նաև
-Ցանկացած ժամանակ կարելի է Տնօրհնեք կատարել: Տարվա ընթացքում, եթե տանը անհանգիստ վիճակ, տրտմություն կամ անհանգստություն կա, ապա կարելի է Տնօրհնեք կատարել:
-Ինչպես հայտնի է, արարողության ավարտին քահանան տանտերերին նշխար է տալիս: Ի՞նչ պետք է անել սուրբ մասունքը:
-Այդ նշխարը պահում են տանը՝ ալյուրի կամ աղի մեջ, մինչև հաջորդ Տնօրհնեք, երբ քահանան նոր նշխար է բերում: Հինը ուտում են ընտանիքի անդամները, իսկ նորը՝ պահում տանը:
-Հաճախ ենք լսում, որ մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է այսպես կոչված չար աչքի կամ թուղթուգրի ազդեցությամբ: Այն չեզոքացնելու համար ե՞ւս տնօրհնեք է կատարվում:
-Այո, պարզապես պետք է իմանալ, որ Տնօրհնեքի արարողությունը չար աչքի կամ թուղթուգրի դեմ պայքարի համար չէ: Չար աչքի կամ թուղթուգրի դեմ պայքարելու միակ տարբերակը Աստծուն հավատալն է և դրանց չար զորությանը չհավատալը: Տնօրհնեք կատարելով, առաջին հերթին, մենք ապավինում ենք Աստծո օրհնությանն ու ներկայությանը: Իսկ եթե Աստված մեր տանը ներկա է, ապա ոչ մի չար զորություն տան խաղաղությունը խաթարել չի կարող:
-Արդյոք միայն տնօրհնեքը բավարա՞ր է՝ հոգեւոր կյանքում ամրանալու համար:
-Ոչ իհարկե, հոգևոր կյանքի ամենակարևոր պայմանը Մկրտության և Ս. Հաղորդության խորհուրդն են: Եթե մարդը մկրտված չէ և Հաղորդություն չի ստանում, ապա որքան էլ Տնօրհնեք կատարի, նա դրանով քրիստոնյա չի դառնա և հոգևոր բավարարվածություն չի ունենա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ