Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, Արմավիր մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը մինչեւ պահեստազոր անցնելը եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված, Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող զորամասի հետախուզության պետը:
Ըստ նրա նախկին ծառայակիցների՝ մայոր Գ. Մարությանը իր ծառայության ընթացքում որեւէ բանով չի արատավորվել, իրեն համեստ է պահել:
Գ. Մարությանի ֆեյսբուքյան էջում տեղադրված են լուսանկարներ, որտեղ նա պատկերված է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, նրա հետեւում սահմանամերձ Կողբ գյուղի համայնապատկերն է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ Գ. Մարությանի մասին ասված է.
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ