Անդրե Մակարով օգտատերը՝ Անդրանիկ Ավետիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում զետեղել է հետեւյալ գրառումը. «Հրապարակավ ներողություն եմ խնդրում Զառա Հովհաննիսյանից, անձնական նամակով իր հասցեին իմ կողմից ուղղված անհիմն և անընդունելի գրառման համար, ինչպես նաև ներողություն եմ խնդրում Զառա Հովհաննիսյանի ընկերների հասցեին անձնական նամակի միջոցով ուղղված ոչ կոռեկտ գրառումների համար:
Խոստովանեմ՝ ինքս խախտել եմ էթիկայի կանոններ՝ անցնելով անձնականի սահմանը, ինչի հարցում չստացվեց նրբանկատ և քաղաքավարի լինել բոլորի հանդեպ: Էթիկայի կանոնների իմ կողմից խախտումը պայմանավորված է եղել էմոցիայով և զայրույթով, ինչի համար ներողություն եմ հայցում:
Հայցում եմ բոլոր օգտատերերի ներողամտությունը, ում տհաճություն է պատճառել ընտրածս «բառապաշարը»:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Հիմա ես դիմում եմ իրավապահ մարմիններին, իմ և երեխաներիս հասցեին հնչեցված ակնհայտ սպառնալիքների վերաբերյալ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին: ՖԲ-ում Անդրե Մակարով անունով գրանցված անձն ինձ գրում է բառացիորեն հետևյալը, -«…Ու տնից դուր գալուց կողքերտ նայի, զգուշ էղի ես երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուտ հետ» : Եթե այս Անդրե Մակարով կոչվածը չի աշխատում հենց նույն համակարգի դրդմամբ՝ կեղծ անվան տակ, ուրեմն գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրան, մեկ էլ զգուշացնում եմ այդ անձին, որ երեխեքիցս յուրաքանչյուրի գլխից մի մազ պակասի, կորած եք….»:
Կարդացեք նաև
Դրանից հետո ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց. «Հունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»: