ԱՄՆ հետախուզական ծառայություններին մոտ կանգնած Stratfor հետազոտական կազմակերպությունը «Խորհրդավոր մահը հարցեր է բարձրացնում Ռուսաստանում» վերնագրով սենսացիոն նյութ է հրապարակել, կապված հունվարի 4-ին ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի հանկարծամահության դեպքի հետ:
Հրապարակման հեղինակը (կամ հեղինակները) գրում են, որ Անվտանգության դաշնային ծառայության՝ ՖՍԲ-ի խոշորագույն մրցակիցներից մեկի՝ ԳԽՎ (ГРУ) պետի անսպասելի մահը մի շարք հարցեր է դնում, հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայությունների միջեւ առկա մշտական մրցակցությունը: Նշվում է նաեւ, որ իր իշխանության տարիներին նախագահ Պուտինը մշտապես ձգտել է հավասարակշռություն պահպանել: Սակայն այն խախտվեց Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի արդյոունքում, երբ ՖՍԲ-ն հրաժարվեց տեսնել Յանուկովիչի հեռացման անխուսափելիությունը եւ, դրանով իսկ՝ ձախողվեց, իսկ Ուկրաինայի համար պատասխանատվությունը վերահանձնարարվեց ԳՌՈՒ-ին, ինչը ստորացուցիչ էր ՖՍԲ-ի համար:
Սերգունը հայտնի էր որպես Ուկրաինայում Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի ստրատեգ: Եվ եթե ռազմական հետախուզությունը նրա մահվան հետ կապված թուլացած է կամ պառակտված, ապա, ինչպես գրում է Stratfor-ը, մեծ հարց է, թե արդյոք կարո՞ղ են ՖՍԲ-ն եւ ռուս զինվորականներն արդյունավետորեն համակարգել իրենց գործողություններն Արեւելյան Ուկրաինայում:
Կարդացեք նաև
Ավելին, հրապարակման մեջ կասկածանքի տակ է դրվում Սերգունի՝ Մոսկվայո՛ւմ մահանալու փաստը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Սերգունը վախճանվեց Մոսկվայի մարզի հանգստյան տներից մեկում սրտային անբավարարությունից: Սակայն Stratfor-ը, հղում անելով իր սեփական աղբյուրին, հայտնում է, որ ծանոթ է մի զեկույցի, ըստ որի՝ ԳՌՈՒ-ի նախկին պետը մահացել է հունվարի 1-ին Լիբանանում: Եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանն, ապա հարցեր են առաջանում, թե ինչո՞վ էր նա զբաղված այդ երկրում, որը հատուկ ծառայությունների առանցքակետն է, եւ ինչո՞ւ Կրեմլը որոշեց թաքցնել, որ Սերգունը մահացել է արտասահմանում:
Հրապարակման վերջաբանում ասվում է, որ առաջիկա ամիսներին կարեւոր է տեսնել, թե ինչպես ՖՍԲ-ն կօգտվի ԳՌՈՒ-ում տեղի ունեցած ցնցումից, կապված Սերգունի մահվան հետ, եւ կօգտվի՞ արդյոք: Կրեմլի համար, որը նյարդայնացած է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անկարգությունների հավանականության աճի պատճառով, ռուսական հատուկ ծառայությունների պայքարում իրավիճակը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Դա ՖՍԲ-ի հիմնական խնդիրներից մեկն է՝ մոնիթորինգը եւ լարվածության լիցքաթափումը: Սակայն, ՖՍԲ-ն իր վրա է վերցրել բազում այլ դերեր, որովհետեւ ձգտել է ավելի մեծ իշխանություն ստանալ: Պուտինն, ըստ ամենայնի, նույնպես անհանգստացած է 2018-ի հերթական նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանության համար այդ պայքարից, հատկապես, երբ նա դիտարկվում է որպես կողմերից մեկն այդ վեճում: Իշխանության համար այս պայքարն ինքնին մեծ ներուժ է պարունակում՝ առաջիկա տարիներին Ռուսաստանի, ինչպես նաեւ Պուտինի համար էլ ավելի վտանգավոր հիմնախնդիրների առաջ գալու առումով:
Ֆոտո՝ Warfare.be
Նյութին անգլերենով ամբորղությամբ կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: