Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Այնքան ուշ էին գալիս, որ մեկ-մեկ մենք էինք փոխում սիստեմայի սոդիումից՝ գյուկոզան»

Հունվար 07,2016 16:50

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 2 օր առաջ, կառավարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ հանրապետությունում այս օրերին H1N1` խոզի գրիպ վիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 27-ի: Նախարարը հայտարարել էր պոլիկլինիկաների ուժեղացված ռեժիմի աշխատանք՝ որին հետեւում էին առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը՝ համայցեր կատարելով հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ:

Azatutyun.am-ի լրագրողը այս հայտարարությամբ այցելել է մի քանի պոլիկլինիկաներ, որոնք, ըստ իրենց այդպես էլ բաց չեն եղել:

Aravot.am-ի լրագրողը Առողջապահության նախարարության լրատվական բաժից փորձեց ճշտել, թե որն է փակ պոլիկլինիկաների պատճառը, որի ի պատասխան, պատասխանեցին, որ համայցեր կատարվել են, բաց են եղել եւ աշխատել են հայտարարված ռեժիմով, իսկ H1N1` խոզի գրիպ վիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի փոփոխության մասին պարզ կլինի քիչ հետո, իսկ պոլիկլինիկաների բաց ու փակ լինելը ճշտենք քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը Aravot.am-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ուժեղացված ռեժիմը գործել է բոլոր պոլիկլինիկաներում` ժամը 10:00-14:00, իսկ վաղվանից քաղաքապետի հանձնարարությամբ պոլիկլինիկաները կգործեն մինչեւ ժամը 17:00: Պարոն Բաբինյանը նշեց նաեւ, որ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 6-ը գրանցվել է 657 դիմում, որից 5-ը՝ ախտորոշվել է թոքաբորբ: Կամսար Բաբինյանի խոսքերով՝ այս տարվա տոների ընթացքում գրանցված կանչերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 400 զանգով՝ կազմելով 5800 կանչ:

Aravot.am-ի լրագրողը խնդրի վերաբերյալ հետաքրքրվեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանից, որն էլ ասաց. «Ուժեղացված ռեժիմը բնավ չի ենթադրում, որ դա պետք է լինի շուրջօրյա: Ի վերջո` գրիպի, նմանատիպ վիրուսների դեպքում հիվանդանոցային՝ զուտ ստացիոնար բուժման մասին է գնում խոսքը, պոլիկլինիկան ոչ մի բանով չի կարող օգուտ տալ, միայն կարող է արագ ախտորոշել, բայց ամեն դեպքում բուժում չի կարող տալ, իսկ մնացած հաստատությունները բնականաբար աշխատել են: Լինում է երկակի վիճակ. «Արմենիայի» լրագրողը գնացել է 2 պոլիկլինիկա՝ բաց է եղել, իսկ «Ազատության» լրագրողը գնացել է ինչ-որ պոլիկլինիկա՝ փակ է եղել»:

Նշենք նաեւ, որ այս օրերին Դավիթ Սանասարյանի 3-ամյա տղան եւս հոսպիտալացվել էր: Պարոն Սանասարյանը նշել էր, որ հիվանդանոցում տեղ չի եղել եւ որդին բուժումը ստացել է հիվանդանոցի միջանցքում: Մենք եւս հետաքրքրվեցինք փոքրիկի առողջական վիճակից, որին ի պատասխան Դավիթ Սանասարյանը ասաց. «Հիմա երեխան լավ է՝ ապաքինվել է: Հիմնականում սենյակներում տեղ չկար ու, եթե տեղ էլ կար, ուղղակի այն կարգի վիրուսակիր երեխաներ էին, որ երեխային տանեինք, ապա շատ արագ վիրուսները կվերցներ՝ հազում էին, բարձր ջերմություն ունեին եւ այլն»:

Նա նշեց, որ երեխայի մոտ այդպես էլ չեղավ հստակ ախտորոշում. «Ուղղակի երեխան անընդհատ փսխում էր, այն, ինչ ուտում կամ խմում էր՝ միանգամից փսխում էր, ջերմություն չուներ եւ չէր հազում: Դեղերը ստացավ, սիստեմաներ միացրեցին՝ լավացավ, ուղղակի մի քիչ դժգոհ ենք մաքրությունից եւ բուժքույրական անձնակազմի աշխատանքից: Չգիտեմ, կապված էր նրա հետ, որ երեխաները շատ էին, բայց շատ ուշ-ուշ էին մոտենում. այնքան ուշ էին գալիս, որ մեկ-մեկ մենք էինք փոխում սիստեմայի սոդիումից՝ գլյուկոզան: Այսինքն, եթե «Մուրացան»-ը համարվում է ամենալավ հոսպիտալներից մեկը՝ դե պատկերացրեք մնացածների վիճակը»,-նշեց Դավիթ Սանասարյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031