Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամանորյա նվերներ ` Բերձորի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

Հունվար 07,2016 13:00

20 և ավելի տարիների պատմություն ունի Բերձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը, որտեղ այժմ կա 22 սան, որոնցից 14-ը դպրոցականներ են և հաճախում են Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոց: Հունվարի 5-ին երեխաների հյուրերն էին ՀՀ ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղից ուսանողներ, դասախոսներ(Արևիկ Հարությունյան, Էլեոնորա Ավանեսյան, Լիլիթ Դանիելյան, Գայանե Առաքելյան, Կարեն Մաթևոսյան)՝ տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ, Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ:

Բուհի տնօրենը տեղեկացրեց, որ ամանորյա այցը կազմակերպվել է ուսխորհրդի նախաձեռնությամբ: Դասախոսական կազմի և ուսանողների հանգանակությամբ հաստատության երեխաների համար ձեռք են բերվել նվերներ, որոնք նախօրոք Ձմեռ Պապից խնդրել էին փոքրիկները նամակով: Հաստատության տնօրեն Սամվել Քոչարյանը հյուրերին դիմավորեց և հրավիրեց դահլիճ, որտեղ երեխաներն ուրախությամբ և մեծ սիրով ընդունեցին Ձմեռ Պապին, Ձյունանուշին և բոլոր հյուրերին:

Ձմեռ Պապը հայտնեց, որ ստացել է փոքրիկների գրած նամակները, և ահա նվերները տեղ են հասել: 3-ից մինչև 18 տարեկաններն ստացան և իրենց ցանկացած նվերները, և քաղցրավենիք ու խաղալիքներ: Հյուրերին իրենց ելույթներով՝ երգ, ասմունք, պար, ողջունեցին երեխաները, որոնց հետ սկսեցին պարել, ուրախանալ, մանկանալ նաև բուհի դասախոսներն ու ուսանողները: Ուսխորհրդի նախագահ(4-րդ կուրսի ուսանող) Գևորգ Մամունցը տեղեկացրեց, որ հետաքրքրվել և իմացել են, որ բացի Ստեփանակերտից, նման հաստատություն կա նաև Բերձորում, և որոշել են այցելել և ուրախացնել այստեղի երեխաներին: Մինչ այցը, ուսանողները հաստատության աշխատակիցների հետ կազմակերպել են, որ երեխաները գրեն նամակները Ձմեռ Պապին… Եվ ահա, երեխաների հրճվանքը, ելույթները բավականություն են պատճառում հյուրերին, ովքեր ինչ-որ չափով կարողացել են օգտակար լինել նման կարգավիճակ ունեցող մանուկներին: ՀԱԱՀ-ի Շուշիի մասնաճյուղի տնօրեն Վ. Հայրապետյանն ասաց, որ իր ղեկավարած կրթօջախը գործում է 2008 թվականից, սկզբում՝ Ստեփանակերտում, իսկ 2015-ի սեպտեմբերից՝ Շուշիում՝ նորակառույց մասնաշենքում: Բուհն ունի Ագրարային տնտեսագիտություն և Ագրարային կենսաբանական ու տեխնոլոգիական ֆակուլտետներ՝ տարբեր բաժիններով: Բուհի համակարգում է գործում նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնը:

Ընդհանուր 1500 ուսանողներ են կրթություն ստանում մասնաճյուղի առկա և հեռակա բաժիններում ու ՄՄԿԾԿ-ում: Ստեփանակերտից տեղափոխությունը կատարվում է հատկացված ավտոբուսով: Համալսարանականները երեխաների ուղեկցությամբ ծանոթացան նաև նրանց կենցաղային պայմաններին, շրջեցին ննջարաններով, ծանոթացան դպրոցականների նախասիրություններին, բարեկամացան: Այստեղ խնամվում են հիմնականում միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Մասկաևների ընտանիքից 4 երեխաներ են այստեղ՝ Անին, Օգսանան, Հայկուհին և Նատալյան: Բոլորն էլ դպրոցականներ են և լավ են սովորում: Նույն՝ Հարթենյան ընտանիքից են եղբայրներ Սոսը, Բաբկենը և Սաշան: Դաստիարակ Էլլա Խաչատրյանը տեղեկացրեց, որ բացի Քաշաթաղից, երեխաներ կան նաև հանրապետության այլ շրջաններից: Մոտ 2 ժամ միասին անցկացրեցին գիշերօթիկի սաները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը և համալսարանականները: Ուրախ ու հաճելի ժամեր, որոնք կմնան բոլորի հիշողություններում:

5 4 3 2 1

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031