Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաներին ընթերցել սովորեցնել ամենավաղ տարիքում՝ 3 տարեկանում, երբ նրանք կարողանում են զանազանել պատկերները տպագրված ու գրված բառերից:
Child Development ամսագրի այսօր հրապարակած հոդվածի համաձայն՝ երեխաները պետք է գրավոր խոսքը յուրացնեն ոչ թե 5-6 տարեկանում, այլ 3-ում. «Մեր ստացած արդյունքները վկայում են, որ ընթերցանության մասին ամենահիմնարար պատկերացումները երեխաները ձեռք են բերում զարմանալիորեն վաղ հասակում»,- հայտարարել է Ռեբեկա Թրեյմենը (Rebecca Treiman) ԱՄՆ Ուաշինգթոնի համալսարանից:
Նա եւ իր գործընկերները եզրակացրել են, որ երեխաներին կարելի է եւ պետք է սովորեցնել ընթերցել այդ տարիքում, երբ ուսումնասիրել են մանկապարտեզի ավելի քան հարյուր սաների մտավոր ունակությունների զարգացումը: 3-5 տարեկան այդ երեխաներին նրանց ծնողները մինչ այդ որեւէ անգամ չեն փորձել սովորեցնել կարդալ ու գրել: