Վերջերս իմ հայացքների մեջ բավականին փոփոխություններ եմ նկատել, չգիտեմ ինձ շրջապատող մարդիկ էլ են դա նկատել, թե՞ ոչ, բայց նրանց կասկածամիտ, խորամանկ ժպիտների մեջ ինչ որ տարօրինակ երանգներ եմ տեսնում:
Վերջերս հիվանդացա և որոշեցի պոլիկլինիկա գնալ, ձրի խորհրդատվություն և բուժում ստանալու ակնկալիքով: Բայց հանկարծ, պոլիկլինիկայի ճանապարհին, ինձնից անկախ, այդ առիթով հիշեցի հայտնի ասացվածքը՝ ձրի պանրի և մկան թակարդի մասին, ապա խորը վերլուծության ենթարկելով, եկա այն եզրակացության, որ այդ ասացվածքը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Այսպես, եթե մկան թակարդում ինչ որ մեկը պանիր է դրել, ուրեմն այն ինչ որ տեղից նա գնել է, հետևաբար տվյալ պանիրը ձրի համարվել չի կարող: Սա աքսիոմա է:
Սակայն, լսելով իմ այսպիսի ճշմարիտ բացատրությունը ընդդիմադիր հայացքներով ընկերս կարող է հակառակվել՝ բերելով իր փաստարկները, ասելով, որ գուցե այդ մարդը ինչ որ հյուրասիրության ժամանակ, հյուրասեղանից «թռցրել է» մի կտոր պանիր և գալով տուն, իջել է ձեղնահարկ և այդ պանիրը դրել մկան թակարդում, հետևաբար, նրա համար այդ պանիրը ձրի է: Բարի, կասեմ ես, նրա համար ձրի է, իսկ այդ պանրի համար վճարել է իրեն հյուրասիրող անձը: Գուցե այդ հյուրասիրողն էլ մի բարձր պաշտոնյա է եղել և նրա ստորադասներն են կազմակերպել այդ հյուրասիրությունը, նորից կհակառակվի ընկերս: Բայց միևնույնն է, պանրի համար նրա ստորադասներն են վճարել, չէ՞, նորից կպնդեմ ես և այսպես շարունակելով սակարկել, ես կհասնեմ լիակատար հաղթանակի:
Կարդացեք նաև
Սակայն ես իմն եմ պնդում հիմա, քանի որ ընկերս չի կարող ինձ գոնե հիմա առարկել: Ես գտնում եմ, որ բոլոր դեպքերում մարդկային գործոնը առկա է և այստեղ պանրի գինը վճարողը մարդն է և վստահաբար կարող ենք արձանագրել, որ պանիրը ձրի չէ և նրա համար ինչ որ մեկը անպայման վճարել է:
Հիմա գանք մկան պարագային: Մուկը, իհարկե, պանրի համար գումար չի վճարել և փորձում է վճարովի պանիրը ձրի ուտել, այսինքն, առաջին հայացքից թվում է, թե նրա համար պանիրը ձրի է:
Սակայն, երբ մուկը արդեն փորձում է համտեսել իր համար ձրի պանիրը և թակարդը շրմփացնում է նրա վզին, այս պանրի գինը բարձրանում է տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ, քանի որ մուկը այդ պանրի համար վճարում է իր և մեզ համար ամենաթանկ բանը աշխարհում՝ կյանքը: Ուրեմն, նախապես մարդու կողմից վճարովի պանիրը մկան համար նույնպես ձրի չէ, եթե հիշենք այդ առթիվ հորինված հայտնի ասացվածքները՝ «նա կյանքի գնով վճարեց»… այսինչ բանի համար կամ նա հասավ դրան «կյանքի գնով» կամ…..
Եթե իմ ասածը համոզիչ չէ, խնդրեմ, բերեք ձեր առարկությունը:
Անցնենք առաջ, այսօր անկողնուց վեր կենալուց հետո առավոտյան այն կարգի բերելիս, հանկարծ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ անկողնային պարագաները դասավորում եմ մահ-ճակալի վրա: Ասում եմ լավ, ամբողջ գիտակցական կյանքում քնում ենք այս սարքի վրա ու, ընդամենը մեկ անգամ ենք մահանում այնտեղ, բա, կարելի է մեկ անգամվա համար այս սարքը անվանել մահ-ճակալ: Ավելի հարմար չէր, ասենք այն անվանեինք՝ քնատեղ, հասկանալի ու անվնաս արտահայտությամբ: Ես, իհարկե, այս դեպքում էլ գիտեմ, որ իմ ընդդիմադիր ընկերը կասի, այդ սարքը անվանել են մահ-ճակալ, որ ամեն անկողին մտնելուց հիշես, որ դու մի օր մահանալու ես և կյանքում չար ու դաժան գործեր չանես: Իհարկե, դժվար է դրան հակառակել, բայց ես չէի ուզենա, որ ամեն օր քնելուց առաջ և արթնանալիս մահվանս մասին հիշեի, որն այնքան էլ հաճելի բան չէ:
Անցյալ օրն էլ հարևանիս հանդիպեցի, որը հազվագյուտ է պատահում կամ իմ զբաղվածության պատճառով կամ էլ նրա: Զրուցեցինք դեսից-դենից, մի քիչ էլ բամբասեցինք մեր շենքի մեջտեղի շքամուտքի Բաբկենից: Ասում եմ, թե նա ինձնից պահանջում է, որ ավտոտնակը ժամանակավորապես իրեն տրամադրեմ մի քանի ամսով, Գերմանիայից ավտոմեքենա է բերել, ուզում է թանկ գներով վաճառել, բայց դեռ հարմար գնորդ չի ճարում: Հարևանս էլ, թե՝ դե լավություն է էլի, արա, ջուրը գցի: Նրա ասածը ինձ մտածելու առիթ տվեց: Հիմա էլ սկսեցի մտածել այս ասացվածքի վրա: Բա եղավ, ախր, որ այդպիսի բաներ եք ասում, մի անգամ գոնե բացատրեք, թե այդ լավություն կոչվածը պիտի գցե՞մ ջուրը, բայց ո՞նց գցեմ, եթե այն երևութական է, անշոշափելի, իսկ եթե Բաբկենին պիտի գցեմ ջուրը, դա էլ մարդասիրական քայլ չէ այս ցուրտ ձմեռ օրին, հակառակում եմ ես, բա, մեղք չէ՞:
Ուրեմն, եթե երևութականը նյութականացնեմ հարևանիս լսելով, ապա կամ լավության առարկա ավտոտնակս պիտի ջուրը գցեմ կամ էլ՝ Բաբկենին: Առաջին դեպքում բավականին անիմաստ ծախսեր են անհրաժեշտ կատարել, իսկ Բաբկենի դեպքում էլ՝ անպայման քրեական գործ կհարուցվի իմ նկատմամբ:
Երեկ էլ անկողին մտա թե չէ, անմիջապես մի ուրիշ ասացվածք անընդհատ պտտվեց ուղեղումս ու չթողեց, որ քնեմ: Հիմա էլ հիշել էի «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածքը: Մտածում եմ, թե այս ասացվածք գրողը կի՞ն է եղել, թե՞ տղամարդ: Եթե տղամարդ է գրել, ուրեմն փորձել է զարտուղի ճանապարհներով իր սեփական կնոջը հասկացնել, որ քանի որ ինքը, որպես տղամարդ ֆիզիկապես ավելի ուժեղ է, ուրեմն միշտ էլ, կինը մեղավոր է լինելու իր ցանկացած արարքում, ուրեմն չափը պիտի հասկանա, որ ինքը պատկանում է «թույլ սեռին»: Իսկ եթե կին է գրել այս առածը ու տվել տղամարդու ձեռքը, ապա այդ կինը վաղուց արդեն մտմտացել է կանանց հավասարության մասին և գաղտնի կերպով առածը մատուցել է հասարակությանը՝ թշնամանք սերմանելու համար երկու սեռերի միջև, որպեսզի հետագայում տղամարդուն կարողանա մեղադրել իր իրավունքները ոտնահարելու մեջ:
Հարգելիներս, այսպիսի ասացվածքները ինչքա՜ն ասես կան մեր առօրյա կյանքում: Ու եթե ամեն օր մի նոր, հակառակ միտք հայտնաբերենք մեր իմացած բառերի ու արտահայտությունների իմաստի մեջ, ապա հաջողությունները սարի հետևում են լինելու:
Դուք էլ փորձեք գտնել այդպիսի հակասություններ, դրանից հետո ձեր կյանքը ավելի հետաքրքիր կլինի, քան մինչև այդ պահը, որ դուք ապրել եք, առանց վերլուծելու գոյություն ունեցող հասկացությունները, ասացվածքներն, առածներն, եղելություններն, թեկուզ հրապարակավ ասվող զանազան «ճշմարտությունները»:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ