ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արագ արձագանքման աշխատանքային խումբը ներկայացրեց բժշկական հաստատություններ կատարած համայցերի արդյունքները, ինչպես նաև համաճարակաբանական վերջին տվյալները։
Նախարարին զեկուցվեց, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։
Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքաբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով։
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ ռեկորդային թվով` 873 կանչ է ստացել, որից միայն 164-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով, իսկ 33-ը` թոքաբորբով։ 147 հիվանդ հոսպիտալացվել է։
Նախարարը հանձնարարեց ուժեղացնել համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։
Համայց կատարած մասնագետները նաև փաստեցին, որ Երևանի և մարզերի բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:
Եթե առաջնային օղակում բժիշկը «Տամիֆլյու» է նշանակել, ապա այն կարելի է ձեռք բերել հետևյալ դեղատներից`
«Անիս» – Մոսկովյան 8, հեռ` 58-31-19,
«Լավանդա» – Տիգրան Մեծ 17, հեռ.` 52-83-89,
«5+» – հասցեն` Էրեբունի 28, հեռ.` 43-95-15,
«Վագաֆարմ» – Զաքյան 10, հեռ.` 54-88-87,
«Ալֆաֆարմ» – Մաշտոց 23, հեռ.` 46-52-92 + 40-28 և Կիևյան 10, հեռ.` 46-52-92 + 40-78։
ՀՀ առողջապահության նախարարություն