Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը եւ Հիտլերը». Today’s Zaman

Հունվար 06,2016 18:12

Թուրքական Today’s Zaman պարբերականի սյունյակագիր Իհսան Յիլմազը (Ihsan Yilmaz) «Էրդողանը եւ Հիտլերը» հոդվածում գրում է.

1573687_tepe

Իհսան Յիլմազ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական համակարգի իրագործումը հնարավոր է կենտրոնացված պետության պահպանման պարագայում, ընդ որում, որպես օրինակ նա բերեց հիտլերյան Գերմանիան:

«Եթե դուք նայեք Հիտլերի ժամանակների Գերմանիային, ապա կտեսնեք [որ դա հնարավոր է]. Որպես օրինակ կարելի է այլ երկրներ եւս բերել», – շեշտեց նա:

Շատերն այս արտահայտությունը համարում են յուրովի «վրիպախոսություն ըստ Ֆրոյդի», հիշելով, ինչպես Էրդողանն օրերից մի օր լարվեց ցուցարարի հետեւից եւ, քշելով նրան խանութի անկյուն, գոռաց. «Israildölü (իսրայելցի վիժվա՛ծք)»: Որից եւ նրանք եզրակացություններ են անում նրա՝ ֆաշիստական առաջնորդի նկատմամբ տածած համակրանքի մասին: Ես վստահ չեմ դրանում: Բայց ահա՛ թե ինչ եմ ես մտածում. նրա արտահայտությունը՝ վրիպախոսություն չէ ըստ Ֆրոյդի: Նա նպատակաուղղված, սակայն դեռ անուղղակիորեն, ձգտում է ահաբեկել իր հակառակորդների մտքերն ու սրտերը:

«Վախի քաղաքականություն»՝ ահա՛ թե ինչին ձեռնամուխ եղավ երկրի նախագահը 2015-ի հունիսի ընտրություններում պարտվելուց հետո: Եվ դա աշխատեց: Այժմ նա նույն մեթոդն է կիրառում քրդերի իրավունքների համար պայքարող եւ այլ ընդդիմադիր խմբերի նկատմամբ: Նա հայտարարում է իր ընդդիմախոսների կողմնակիցներին եւ ռեժիմի քննադատներին, որ պատրաստ է նրանց վերացմանը եւ լիկվիդացմանը եւ մտադիր է նրանց հետ վարվել նույն կերպ, ինչպես իր ժամանակ վարվեց Հիտլերն այն մարդկանց հետ, որոնք նրան դուրալի չէին: Եթե նրան հիշեցվի դրա մասին, իհարկե, նա կժխտի այդ մեղադրանքը եւ, ըստ ամենայնի, կասի, որ նա խոսել է բացառապես Գերմանիայի՝ Ադոլֆ Հիտլերի ժամանակների նախագահական համակարգի մասին:  Առաջին հայացքից, դա միանգամայն կարող է ճշմարտացի թվալ: Սակայն, լավ իմանալով Էրդողանին որպես փորձառու եւ խորամանկ քաղաքական գործչի, ինչպես նաեւ՝ հզոր հռետորի, ապա անհնարին է պատկերացնել, որ նա սխալմամբ է հղում արել Հիտլերին: Նա ուզում է վախ սերմանել իր քաղաքական հակառակորդների շարքերում:

Իհարկե, նա չի կարող այն, ինչ ժամանակին արեց Հիտլերը. Հնարավոր է, որ դա չի էլ մտնում նրա մտադրությունների մեջ: Բայց այն, ինչի մասին մենք այսօր կարող ենք դատել, նայելով այն ամենին, ինչ կատարվում է, դա այն է, որ նա պատրաստ է ոտնահարելու բոլոր տեսակի էթիկական, բարոյական եւ իրավական նորմերը, երբ խոսքը գնում է ընդդդիմախոսների ոչնչացման մասին: Չէ՞ որ նրա համար ընդդիմախոսները եւ քննադատները թշնամիներ են եւ, ավելին՝ դավաճաններ: Չէ՞ որ Էրդողանն անկեղծորեն կարծում է, որ հենց ինքն է համընդհանուր կամքի մարմնավորումը եւ, հետեւաբար, նրանք, ով դեմ է հանդես գալիս՝ դավաճանո՛ւմ է ազգի շահերին: Ուստիեւ, նրանք կարող են զոհաբերվել հանուն ազգի, իսկ այդ դավաճանների ոչնչացումը բոլոր հասանելի միջոցներով հանկարծ դառնում է բացարձակապես օրինական: Եվ այսպես, հղումները Հիտլերին տրամաբանական են եւ բանական՝ միայն նախագահ Էրդողանի համար:

Ուղղակի վերհիշեք, թե ինչպես նա վարվեց «Հիզմեթ» շարժման հետ (այն գլխավորում է հայտնի թուրք կրոնական, հասարակական եւ քաղաքական գործիչ, ներկայումս ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը. – Խմբ. Aravot.am), որը սատարում էր միջկրոնական երկխոսության գաղափարին: Ես չեմ ասում, որ նրա պլանների մեջ մտնում է ցեղասպանության իրագործումը: Մենք չենք կարող դա իմանալ, եւ հնարավոր է, որ դա իրեն ընդհանրապես պետք չէ: Սակայն, ֆաշիստական բռնապետի հիշատակումն Էրդողանի կողմից զուգահեռ է անցկացնում Հոլոքոստի (հրեաների զանգվածային հետապնդման եւ ոչնչացման) ժամանակ եւ Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ, AKP)` «Հիզմեթ» շարժման նկատմամբ կատարած ներկայիս գործողությունների միջեւ:

Ցեղասպանության հետազոտության միջազգային ասոցիացիայի նախագահ Գրեգորի Սթենթոնը սահմանել է Հոլոքոսթի ութ փուլ: Թույլ տվեք ինձ հակիրճ նկարագրել դրանք, որպեսզի դուք կարողանաք համեմատել եւ համադրել այն Թուրքիայում կատարվող իրադարձությունների հետ:

  1. Դասակարգում. «Մարդկանց բաժանում «մենք եւ նրանք»;
  2. Խորհրդանշում. «Խորհրդանիշներն ատելության հետ համակցված՝ կարող են պարտադրվել, որպեսզի նշվեն մերժվածների խմբի անդամներին»;
  3. Դեհումանիզացիա. «Մի խումբը ժխտում է, որ մարդասիրությունը եւ այլ մարդկային որակները բնորոշ են այլ խմբի ներկայացուցիչներին: «Այլ» խմբի անդամները հավասարեցվում են կենդանիներին, մակաբույծներին, միջատներին կամ հիվանդներին»;
  4. Կազմակերպում. «Ցեղասպանությունը միշտ կազմակերպված է, որպես կանոն, պետության կողմից, հաճախ ներգրավելով ռազմականացված կամ կրոնական կազմակերպություններին, որպեսզի ապահովեն պետության վրայից պատասխանատվության հանումը»;
  5. Բեւեռացում. «Ծայրահեղականներն արագացնում են պառակտումն ըստ խմբերի: Ատողների խմբերը ձեռնարկում են բեւեռացնող քարոզչական գործունեություն»;
  6. Նախապատրաստում. «Զոհերի ի հայտ բերումը եւ նրանց դասակարգումն ըստ էթնիկական եւ կրոնական պատկանելության: Կազմվում են մահվան դատապարտվածների ցուցակներ… Նրանց ունեցվածքը բռնագրավվում է»;
  7. Սկասվում է ոչնչացում, շուտով զանգվածային սպանությունները պաշտոնապես կոչվում են «ցեղասպանություն»;
  8. Ժխտողականություն. «Ցեղասպանության համար մեղավոր անձինք… ժխտում են, որ որեւէ հանցագործություն են կատարել եւ հաճախ զոհերին են մեղադրում տեղի ունեցածում: Նրանք արգելափակում են գործած ցեղասպանության հանցանքների հետաքննությունները»:

Հիշատակված փուլերից մի քանիսն իշխող ռեժիմի կողմից «Հիզմեթ» շարժման դեմ պայքարում արդեն անցած են: Ոչ ոք չգիտի, որքան հեռուն նրանք կգնան: Այնուամենայնիվ, Հիտլերին հիշատակելն Էրդողանի կողմից պետք ծայր աստիճանի զգաստացնի ժողովրդավարներին

Ֆոտո՝  MK-Turkey

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031