Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի փաստաբան. «8 օր է քաղաքացիների իրավունքներն օդից կախված են»

Հունվար 06,2016 14:15

«Փակ են այդ կառույցները, դատախազությունում հերթապահ դատախազ չկա, մնացած կառույցները նույնպես փակ են եւ հնարավոր չէ փոխանցել հանցագործության մասին հաղորդումը»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների եւ մի խումբ քաղաքացիների միջեւ բախում է տեղի ունեցել: Ծեծի ենթարկված քաղաքացիները հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստել: Սակայն դրանք, ըստ փաստաբանի, հնարավոր չէ փոխանցել պատկան մարմիններին (Դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն եւ Քննչական կոմիտե), քանի որ վերջիններս չեն աշխատում:

Հաղորդման մեջ քաղաքացիները նշել են, որ իրենց ստացած մարմնական վնասվածքներն արդեն վերանում են եւ պահանջել են անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն. «Մեծ մասն արդեն վերացել են, բայց հիմա կան հետքեր, որոնք դեռ մնացել են: Տուժածներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց. մեկն ուղեղի ցնցում է ստացել, ունի մարմնական վնասվածքներ: Շատերն իրենց դեմքերի եւ մարմինների վրա ունեն հետքեր, բայց ամեն օր մի քանիսը կարող են անհետանալ»:

Haghordum 1 Haghordum 2 Haghordum 3

Պարոն Հայրապետյանն ասաց, որ պատկան մարմինները պարտավոր են արձագանքել հանցագործության մասին հաղորդումներին. «Նրանք պարտավոր են հերթապահ ունենալ եւ աշխատել: Դա օրենսդրությունն է պահանջում: Սա ակնհայտ ապօրինություն է պատկան մարմինների կողմից: Այսքան քրեական գործեր կան եւ որոշումներ են կայացվում, իսկ Դատախազությունն, եթե տեսնում է ապօրինի անօրինական որոշումներ, պարտավոր է վերացնել դրանք: Քրեական գործ հարուցելու, մեղադրյալ ներգրավվելու, կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու որոշումներ են կայացվում: Փաստորեն այս որոշումների օրինականությունը չի ստուգվում: Դա նշանակում է, որ այս օրգանը չի աշխատում: Դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է»:

Նա նշեց, որ իրենք նույնիսկ չգիտեն, թե ով է վերահսկող դատախազը, որին կարող են բողոքարկել քննիչի գործողությունների առնչությամբ. «8-9 օր է ամբողջ Հանրապետության եւ քաղաքացիների իրավունքներն օդից կախված են»:

Ըստ փաստաբանի՝ Գեւորգ Սաֆարյանը վստահ է, որ իրավապահ մարմինների այս վերաբերմունքը կապված է իր գործունեության հետ. «Ինքը բազմաթիվ անգամ դա ասել է: Սա առաջին կամ երկրորդ, երրորդ դեպքը չի»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031