Հյուսիսային Կորեան չորեքշաբթի առավոտյան հայտարարեց, որ առաջին անգամ ջրածնային ռումբի հաջողված փորձարկում է իրականացրել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունները ֆիքսել էին 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկոնտրոնը գտնվում է Հյուսիսային Կորեայի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին հայտարարեց Հարավային Կորեայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը:
«Սեյսմիկ ալիքները, որոնք մենք գրանցեցինք, զգալիորեն տարբերվում են բնական երկրաշարժերի ժամանակ նկատվող ալիքներից», – ասված է հարավկորեական օդերեւութաբանական ծառայության հայտարարության մեջ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հյուսիսկորեական՝ Պունգերի միջուկային փորձադաշտից 49 կմ հեռավորության վրա: Արբանյակային հետախուզության տվյալներով, փորձադաշտում վերջին ամիսներին նկատվել է անսովոր ակտիվություն:
Կարդացեք նաև
Միջուկային սարքի նախորդ պայթեցումը Փհենյանն իրականացրել է 2013-ի փետրվարին: Դեկտեմբերին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ատոմային եւ ջրածնային զենքի փորձարկումներ իրականացնել:
Ֆոտո – «Ազատություն» ռադիոկայան