Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում Սբ. Ծննդյան ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ժամեր շարունակ հավատացյալների հոսքը եկեղեցի չէր դադարում: Սուրբ ծննդյան պահք պահածները պատարագի ավարտին Սուրբ հաղորդություն ստացան:
«Հիսուս» անունը եբրայերենից թարգմանվում է որպես «փրկիչ»: Հրեշտակապետի բերանից տրվեց ավետիսը, թե դու որդի պետք է ծնես եւ անունը Հիսուս դնես, այսինքն՝ փրկիչ: Իսկ ինչի՞ց պետք է փրկեր մեզ տերը՝ մեղքից, անեծքից, սատանայի իշխանությունից, մահվան սպառնալիքից, դժոխքից եւ կռապաշտությունից: Ադամի գործած մեղքի պատճառով ողջ մարդկությունն ընկավ մեղքի տակ: Ոչ մի մարգարե չլուծեց այդ խնդիրը, միայն Հիսուս Քրիստոսի ծնունդով է, որ լուծվեց այն: Քրիստոսի ծնունդով մարդկությունն ազատագրվեց ադամական մեղքից, ինչպես նաեւ՝ անեծքից…»,-քարոզխոսության ընթացքում ասաց պատարագիչը՝ Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Քրիստոսի ծնունդով է փրկվել մարդկությունը. «Եւ այդպես, մենք սատանայի իշխանության տակ չենք, եթե իհարկե կամովի չենք գնում նրա ետեւից: Քրիստոս ազատեց մեզ մահվան սպառնալիքից, որովհետեւ Քրիստոս իր մահով հաղթեց մահվանը: Նա ազատեց մեզ նաեւ կռապաշտությունից, որն ամենամեծ մեղքն է, որովհետեւ այն դեմ է բուն Աստծո էությանը: Դա մոլություն էր եւ անաստվածություն: Քրիստոս դա էլ ուղղեց եւ այդ բեռը վերցրեց մեր ուսերից»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Ճրագալույցի Սբ. Պատարագ 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոների նախատոնակին: «Ճրագալույց» նշանակում է ճրագ վառել (լուցանել): Եկեղեցի եկած հավատացյալները Սուրբ խորանին վառված ճրագներից մոմեր վառեցին ու տուն տարան՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Վաղն առավոտյան կմատուցվի Քրիստոսի Ծննդյան և Աստավծահայտնության տոնին նվիրված Սբ. Պատարագը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում պատարագիչը կլինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարերգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
https://www.youtube.com/watch?v=bRbR606p-t0&feature=youtu.be
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իսկ ինչո՞ւ չի կարելի ասել. «Քրիստոսը ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս»: