Լրահոս
Օրվա լրահոսը

Սաուդյան Արաբիայի դաշնակիցները միավորվում են, Իրանը մնում է միայնակ. ВВС

Հունվար 05,2016 21:46

Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի քանի պետություններ հանդես եկան ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի, որը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, հաղորդում է ВВС-ն: Նման քայլի, ի նշան բողոքի ընդդեմ Թեհրանում Սաուդյան դեսպանատան վրա գործած հարձակման, դիմեցին նաեւ Բահրեյնը եւ Սուդանը:

Բահրեյնը նաեւ մեղադրեց Թեհրանին, որ Իրանը պաշտպանում է բահրեյնցի շիաներին, որոնք այդ արաբական երկրում մեծամասնություն են կազմում եւ ընդդիմադիր են տրամադրված սուննի իշխանությանը: Միացյալ Արաբական Էմիրությունները նույնպես հետ կանչեցին իրենց դեսպանին Թեհրանից, սակայն չխզեցին դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, այնուամենայնիվ իջեցնելով դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը: Միաժամանակ, Սաուդյան Արաբիային սատարելու մասին հայտարարեցին Քուվեյթը, Եմենը եւ Եգիպտոսը: Այսօր Քուվեյթը նույնպես հետ կանչեց իր դեսպանին Իրանից:

Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել ալ-Ջուբեյրը հայտարարեց Իրանի հետ առեւտրական կապերի եւ օդային հաղորդակցության դադարեցման մասին: Ընդ որում, Ռոյթերս գործակալությանը ալ-Ջուբեյրը հայտնեց, որ իրանցի ուխտավորներին մուտքը Մեքքա եւ Մեդինա մնում է բաց: Դրան զուգահեռ, ՄԱԿ-ում թագավորության մշտական ներկայացուցիչ Աբդալլա ալ-Մուալլիմին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է վերականգնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները միայն մեկ պայմանով. Թեհրանը պետք է դադարեցնի միջամտությունը թագավորության եւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին: «Ամեն ինչ շատ պարզ է. Իրանը պետք է դադարի միջամտել այլ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ներքին գործերին: Եթե դա տեղի ունենա, ապա մենք, իհարկե, կունենանք նորմալ հարաբերություններ Իրանի հետ», – ասաց սաուդցի դիվանագետը լրագրողներին: Նա նաեւ հույս հայտնեց, որ դիվանագիտական կապերի խզումը Թեհրանին կդրդի քաղաքական կուրսի փոփոխության:

Սպիտակ Տան ներկայացուցիչը կոչ արեց Սաուդյան Արաբիային եւ Իրանին «դրսեւորել մի քիչ զսպվածություն եւ չթեժացնել լարվածությունը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սաուդյան եւ իրանական իշխանությունների հետ բանակցելուց հետո երկու կողմերին կոչ արեց «խուսափել որեւէ գործողությունից, որը կարող է նպաստել իրավիճակի վատթարացմանը»: Երկու երկրների միջեւ ծագած հակամարտության ֆոնին ոսկու եւ նավթի գները որոշակի աճ արձանագրեցին, սակայն օրվա երկրորդ կեսին նավթի գները կրկին ընկան:

Լոնդոնի՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Քրիսթիան Քոաթս Ուլրիխսենը կարծում է, որ ներկայիս դիմակայությունը ոչ պակաս վտանգավոր է տարածաշրջանի եւ ընդհանրապես՝ աշխարհի համար, քան նախորդը, երբ 1980-ականներին առաջին անգամ դադարեցվեցին Իրանի եւ սուննի պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները:

ВВС-ն նշում է, որ այս դարավոր պառակտումը գալիս է այն վեճից, թե ում կարելի է համարել Մոհամմեդ Մարգարեի օրինական հետնորդ Ք.ծ.հ. 632 թվականին նրա մահվանից հետո: Սուննիները կազմում են բոլոր մուսուլմանների 85-ից 90 տոկոսը: Չնայած նրան, որ Իսլամի երկու ճյուղերը դարեր ի վեր գոյատեւել են կողք կողքի, կիսելով հիմնական հավատամքը (թե՛ շիաները, թե՛ սուննիները երկրպագում են Ալլահին եւ առաջնորդվում Ղուրանով), տարաձայնությունները տարածվում են վարդապետության (դոկտրինի), ծեսերի, կրոնա-իրավական եւ աստվածաբանական հարցերի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031