Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանը, Շիրակի մարզում այս օրերին հիվանդանոցները, շտապօգնությունն այնքան էլ ծանրաբեռված չեն աշխատել, ոստիկանությունը՝ նույնպես, իսկ ծննդատներում 5 օրվա ընթացքում 59 երեխա է ծնվել, որից 34-աղջիկ, 25-ը տղա:
Սամվել Գրիգորյանը իր հինգօրյա հաշվետվության մեջ գրում է. «Շիրակ աշխարհում Ամանորի առաջին հինգ օրերը սկսվել են բոլորի համար այնքան բերկրալի լուրերով` մարզում գրանցված ծնունդներով.
«Գյումրու ծննդատան»-ը ծնվել է 19 երեխա՝ 15 աղջիկ, 4 տղա:
«Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց»-ում ծնվել են 13 երեխաներ. 8 տղա, 5 աղջիկ:
«Ախուրյանի մոր և մանկան հիվանդանոց»-ում ծնվել են 19 երեխաներ, որոնից 10 տղա են, 9 աղջիկ:
Կարդացեք նաև
«Արթիկի մոր և մանկան առողջության կենտրոն»-ում լույս աշխարհ են եկել 8 երեխաներ, որոնից 5 աղջիկ են, 3-ը տղա: Ընդամենը` 59 երեխա. 34 աղջիկ, 25 տղա: Շնորհավորում ենք մեր բալիկներին և նրանց ծնողներին, ցանկանում առողջություն և երջանկություն:
Ամանորի հինգ օրերին գրանցված արտակարգ պատահարներ.
Մարզային փրկարար ծառայությունում գրանցվել է 8 դեպք. 1 շմոլ գազի հետևանքով թունավորում, վիճակը բավարար է. դուրս է գրվել հիվանդանոցից, 1 ճանապարհատրանսպորտային և 6 արգելափակման դեպքեր, մարզի տարբեր հատվածներում արգելափակումից դուրս է բերվել 28 ավտոմեքենա, 75 ուղևոր: Մարզի շատ ճանապարհներ՝ չնայած իրականացվող մաքրման աշխատանքներին բքի պատճառով մնում են դժվարանցանելի:
Գյումրու Բժշկական կենտրոն առաջին հինգ օրերին ընդունվել են 57 հիվանդ, 20-ը սիրտ անոթային, 10-ը վիրաբուժական, 6-ը վերակենդանացման, 13-ը թերապևտիկ և 4-ը վնասքաբանության բաժանմունքներ:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել երեք հիվանդ, երկուսը սուր ռեսպիրատոր վիրուսային, մեկը սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ:
Անցած հինգ օրերին, այնքան էլ ծանրաբեռնված չի աշխատել «Գյումրու շտապբուժօգնության կայան»-ը. գրանցվել է 112 հիպերտոնիկ կրիզի, սիրտ-անոթային 18, ջերմության 39, անգինայի 14, տրավմաների 22, բրոնխիալ ասթմայի 11, ինսուլտի 2, ինֆարկտի 5, շաքարային դիաբետի 3, թոքի քաղցկեղի 2 և մահվան 3 կանչ/առաջին հինգ օրերին գրանցվել է մահվան 28 դեպք/: Ընդամենը` 231 կանչ հինգ օրում:
Հուսանք և ցանկանանք, որ մեր շտապբուժօգնության կայաններն ամբողջ տարին աշխատեն նման ծանրաբեռնվածությամբ:
Անցած հինգ օրերին համեմատաբար հանգիստ է եղել նաև ոստիկանությունում, գրանցվել է 25 դեպք, որից ճանապարհատրանսպորտային 4, մարմնական վնասվածք հասցնելու 6, դժբախտ պատահար 4, թունավորման 2, հանկարծամահ 3, ինքնավնասման 2 և ծեծի 1 դեպք, հետախուզման մեջ են գտնվում երեք հոգի:
Հուսադրող և լավ տվյալներով սկսելով 2016 թվականը՝ բոլորին ցանկանում ենք առողջություն և նորանոր հաջողություններ:
Բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից