Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միակը`միլիոնավոր ծնունդներից

Հունվար 05,2016 11:30

«Նորոգվեց երկիրը, որ լցվել էր մեղքով, և վերստին արարվեց Աստծու Որդու ծննդյամբ: …Այսօր հաշտվեց Տերը Ադամի հետ, քանի որ Որդին իր ծննդյամբ խաղաղեցրեց Հորը և Ադամին». Սբ Եփրեմ Ասորի

 Սուրբ Ծննդյան խորհրդի մասին մեզ հետ զրուցում է Տ. Շահե վրդ. Անանյանը:

– Հայ՛ր Սուրբ, այսօր մեզ համար ի՞նչ խորհուրդ և կարևորություն ունի 2000 և ավելի տարիներ առաջ կատարված այդ իրադարձությունը:

-Այսօր մեր կյանքում առկա են բազում հիմնախնդիրներ` անհանդուրժողականություն, հոգևոր-բարոյական արժեքների անկում և այլն: Եվ յուրաքանչյուր տարի մի նոր մարտահրավեր է բերում մեզ համար: Քրիստոսի Ծնունդն, ամենից առաջ, մարդու փրկության`ամենամեծ հիմնախնդրի լուծումն էր: Եվ նոր տարին, որ Սուրբ Ծնունդով ենք սկսում, գալիս է մեզ հուզող հարցերի պատասխանը տալու, բայց ոչ թե իբրև գրված, պատրաստի դեղատոմս, այլ լույս, որ նախևառաջ խորհրդածել է տալիս այս հարցերի մասին, հետո`օգնում գտնելու պատասխանները: Այսինքն`մեզանից է կախված`ինչպես կարժևորենք այս տոնը, մեր կյանքում ինչ դեր կունենա այն, որ կարծես նման է Սուրբ Ծննդյան աստղին, ինչի օգնությամբ հովիվները գտան նորածին Հիսուսին: Քրիստոսի Ծնունդով նորոգվում, լուսավորվում է մեր միտքը, իսկ այդ լույսի ներքո հեշտ է գտնել ճիշտ ճանապարհը:

-Քրիստոս ասում է. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհ.Ժ:10): Հա՛յր Սուրբ, ի՞նչ են նշանակում այս խոսքերը:

-Նախ`այդ կյանքը հենց Ինքը Քրիստոսն է. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ.14.6): Այդ կյանքը գտնելու սկիզբը նախևառաջ մեր`աստվածապարգև կյանքն արժևորելն է: Արարիչը մարդուն շնորհում է կյանքը, որպեսզի նա դրա մեջ դնի Աստծուն և իր նմանին սիրելու, իր ազգի, եկեղեցու, իր ժողովրդի, ընտանիքի համար ամբողջանվեր, լիիրավ սպառված կերպով ապրելու նպատակը: Սա է կյանքի արժևորումը, և, բնականաբար, այդ արժևորման, այդ սպառումի մեջ մարդը գտնում է նոր կյանք`Քրիստոսին: Այս պարզ ճշմարտությունն իրականում շատ բարդ գործադրելի է, բայց այդպես պետք է ապրենք, միայն այդպես կարող ենք գտնել Քրիստոսին:

-Մոգերը Նրան ընծաներ բերեցին` ոսկի, կնդրուկ և զմուռս (ոսկին խորհրդանշում էր Մանկան թագավոր լինելը, կնդրուկը` Հիսուսի աստվածությունը, զմուռսն էլ` Տիրոջ քավչարար մահը): Մե՞նք ինչ կարող ենք ընծայել նորածին Փրկչին: 

-Հայրերից մեկն այս հարցին շատ հետաքրքիր պատասխան է տալիս. «Ինչպես որ մոգերն ընծաներ բերեցին, մենք էլ հոգևոր ընծաներ տանք Քրիստոսին`հույս, հավատ և սեր»: Առաջին հայացքից շատ պարզ այս նախադասության մեջ հետաքրքիր խորհրդաբանություն կա: Հույսը, հավատը, սերը Աստված է շնորհում մեզ: Մարդն էլ այս նույնը շնորհում է նորածին Փրկչին, ստացվում է`ինչ որ Աստված տվել է մեզ, վերադարձնում ենք Նրան. «զՔոյս ի Քոյոց Քեզ մատուցանեմք»: Դրանից ավելին Աստված երբեք մեզանից չի պահանջում: Այն հոգևոր պատարագ, հոգևոր ընծա է: Եվ եթե մարդը կարողանա գոնե մեկ օրով, Սուրբ ծննդյան շեմին մատուցել այդ Պատարագը, ինձ թվում է`դա լավագույն ընծան կլինի Աստծուն:

-Քրիստոսի Ծնունդն աստվածային սիրո մեծագույն դրսևորումն էր: Եվ Հիսուս ասում է. «Սիրեք միմյանց, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհ.15.12): Հա՛յր Սուրբ, ինչպե՞ս կարող է արտահայտվել մեր սերը:

-Մեր սերը երկու հարթություն ունի: Սեր մերձավորի և սեր Աստծո նկատմամբ: Մերձավորի հանդեպ սերն ինչ-որ կույր, անգիտակից, աննպատակ սեր չէ: Սիրել նշանակում է նաև օգնել, խրատել, ուղղել կամ`ծառայել: Իսկ Աստծո նկատմամբ սերն անխուսափելիորեն բխում է առաջինից: Եվ եթե չկա մերձավորի հանդեպ սերը, այն առանց արմատների ծառի է նման, որի վրա անհնար է` ինչ-որ պտուղ աճի: Եթե մարդկանց սիրելու միջոցով չի գործնականացվում Աստծո նկատմամբ սերը, մեզ համար Աստված չկա այլևս: Եթե մենք չենք նկատում մեր կողքինի ցավը, տխրությունը, աստվածային սիրո հեղումը մենք առավել ևս չենք կարող նկատել: Պարզապես մենք չենք կարող նմանվել Աստծուն: Այսինքն, Աստծո նկատմամբ սերն անհնար է առանց մարդկանց հանդեպ սիրո:

-Հա՛յր Սուրբ, Ձեզ մոտ ի՞նչ մտորումներ է առաջացնում Սուրբ Ծննդյան գիշերը:

-Ամենատարբեր: Բայց ամենից առաջ`փորձում եմ մտովի վերականգնել տարվա թոհուբոհի մեջ կորցրած և ինձ Աստծո հետ կապող բազմաթիվ թելերի ծայրերը`նորից կապելու համար, և եթե Աստված տա, չքանդվի նորից, մտածել Տիրոջ հետ կապող մյուս թելերի մասին, որոնց սկիզբը պետք է գտնել գալիք տարվա մեջ: Եվ Մանուկ Հիսուսի ծննդյան խորհուրդն էլ սկզբի, նորոգման խորհուրդն է: Ամեն անգամ Քրիստոսի Ծնունդով վերանորոգվում է ողջ աշխարհը, իսկ սա նշանակում է, որ նորոգությունը Քրիստոսի հետ, Աստծուն գտնելու թելերն ամենակարևորն են: Հակառակ դեպքում մարդ վերջում նկատում է, որ իրեն Աստծո հետ կապող ոչ մի թել չի մնացել, ինքը պարզապես չի սնվում Աստծուց, իսկ դա շատ լուրջ խնդիր է դառնում մարդու համար:

-Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:

-Ամենակարևորը`վերանորոգել կապն Աստծո հետ, ինչը շատ դժվար է մեր ժամանակներում: Բայց հարկ է գեթ մեկ վայրկյան զգալ Աստծո հետ անկեղծ, անմիջական կապի քաղցրությունը: Բոլորն, ովքեր գոնե մեկ անգամ աղոթել են անկեղծ, գիտեն, թե դա ինչ բարերար ազդեցություն ունի մարդու ներաշխարհի վրա: Իմ մաղթանքն է, որ մարդիկ առանց վախենալու բացեն իրենց սրտերն Աստծո առաջ։ Այս է ամենակարևորը, իսկ մնացածը, ինչպես Տերն է ասում, ավելիով կտրվի մեզ (հմմտ. Մատթ.6.33):

 

Զրուցեց Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031