«Հնարավոր է, որ մեր ահազանգի հետեւանքով նրանք այդպես չեն արել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գեւորգ Սաֆարյանի մասին լուրերին, ասաց Հիմնադիր խորհրդարանի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանը:
Նշենք, որ Հիմնադիր խորհրդարանի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուրեր Գեւորգ Սաֆարյանից. «Քիչ առաջ Զարուհի Փոստանջյանն այցելել է Գևորգ Սաֆարյանին: Գևորգի վիճակը լավ է, տրամադրությունը՝ մարտական, ոգին՝ բարձր, իր ողջույնն ու պայքարի կոչն է հղում ընկերներին և մեր քաղաքացիներին: Գևորգը հացադուլը դադարեցրել է: Խցի և միջավայրի առումով պայմաններն ընդունելի են»:
Կարո Եղնուկյանն ասաց, որ իրենք ահազանգել են, քանի որ ունեն 2015 թվականի ապրիլի փորձը, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամներին ձերբակալել էին. «Այն մարդիկ, որոնք կալանք են տանում խափանման միջոցի համար, պետք չէ լինեն նույն խցում, որտեղ դատապարտված հանցագործներ կան: Չես կարող մարդասպանի հետ միասին դնես այնպիսի մեկին, որ դեռ չի էլ ապացուցված, որ ինքն էլ մեղավոր է: Գեւորգը դեռ անմեղ է, ինքն անմեղ է այնքան ժամանակ մինչեւ, որ ապացուցեն, որ մեղավոր է, այստեղ այդ դատը չի եղել: Այսինքն՝ խափանման միջոցը իրենց պատժիչ մեխանիզմն է, որովհետեւ իրենք որպես խափանման միջոց կիրառում են միմիայն կալանքը: Իսկ Հայաստանի օրենքներով եւ համաշխարհային փորձով կա նաեւ գրավ եւ ստորագրություն: Որպես խափանման միջոց կալանքը շատ հազվադեպ պետք է օգտագործվի, բայց Հայաստանում դա օգտագործվում է դեպքերի 90 տոկոսում: Միայն Լիսկայի տղային են բաց թողնում, բայց ուրիշ նորմալ մարդկանց հանդեպ այդպես չեն անում»:
Կարո Եղնուկյանը վստահ է, որ իրենք չահազանգեին, ապա առիթը բաց չէին թողնի, եւ Գեւորգ Սաֆարյանին քրեական հանցագործների հետ նույն խցում կտեղավորեին, որպեսզի նրանք Գեւորգի նկատմամբ հաշվեհարդար տեսնեն. «Ուրախ եմ, որ մեր ահազանգից հետո ոստիկանությունը եւ ռեժիմը սթափվել են: Հուսով եմ, որ այդ սթափումը երկար կտեւի եւ ոչ թե կարճ ժամանակ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ