Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Խաչատրյանը չափից ավելի ագրեսիվ էր այդ օրը»

Հունվար 04,2016 20:16

«Ընդհանուր ոստիկանությունը շատ ագրեսիվ էր տրամադրված այդ օրը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ամանորի գիշերը տեղի ունեցած բախումներին,  ասաց Հիմնադիր խորհրդարանի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը  ցանկանում էր Ազատության հրապարակում այլընտրանքային Ամանոր անցկացնել՝ իր Ձմեռ պապով, Ձյունանուշով, տոնածառով, սակայն ոստիկանները թույլ չեն տվել տոնածառը տեղադրել: Նշենք, որ Ձմեռ պապի հանդերձանքով եղել է Կարո Եղնուկյանը: Ամանորին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնցից 4-ը լուսադեմին ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հունվարի 3-ին դատարանը որպես խափանման միջոց կիրառել է կալանքը: Վերջինիս ձերբակալել էին ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Կարո Եղնուկյանը նշեց, որ այդ օրը մի շարք ոստիկանների վրայից սուր ալկոհոլի հոտ էր գալիս, եւ նրանք չափից ավելի ագրեսիվ էին տրամադրված եւ տարօրինակ պահվածք էին դրսեւորում. «Մի ուրիշ նկատառում էլ ունեմ՝ ի տարբերություն ուրիշ օրերի (ես մի քանի տարվա փողոցային փորձ ունեմ ոստիկանների հետ շփվելու), իրականում, ենթարկվելու խնդիր կար այդ օրը: Ես երբեւիցե չէի նկատել, որ Օսիպյանին չենթարկվեին: Այդ չենթարկվելը ես նորից վերագրում եմ այդ օրվա իրենց ոչ նորմալ վիճակին, որովհետեւ մի քանի անգամ Օսիպյանը ֆիզիկապես մի քանի ոստիկանի օձիքից բռնել քաշել է, որ հեռու գնան: Փաստորեն, Օսիպյանը փորձում էր կանխել որոշ ոստիկանների չափից ավելի ագրեսիվությունը: Ես չեմ ուզում ասել, որ Օսիպյանը այնտեղ հրեշտակի դեր էր կատարում, որովհետեւ տոնածառի գագաթը կոտրողը Օսիպյանն էր՝ հենց ինքն էր կողքիս կանգնած եւ մեկ շատ քողարկված շարժումով գագաթը կոտրեց, եւ այն փոքր կտորն էր մնացել, որ ես հետո ձեռքս բռնել էի: Իր այդ շարժումից հետո մնացած այդ ոստիկանները սկսեցին  տարբեր կողմերից տոնածառը քաշքշել, նույնիսկ մի կին էլ ընկավ գետնին՝ Սյուզաննա Սիմոնյանը»:

Կարո Եղնուկյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարությունը այդ օրը հասկացել էր, որ ամեն ինչ նկարվում է, եւ առկա է տեսագրություն, որտեղ Գեւորգ Սաֆարյանը մատնանշում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին որպես ագրեսիվ ոստիկան. «Գեղամ Խաչատրյանը չափից ավելի ագրեսիվ էր այդ օրը: Նրան մի քանի անգամ սաստում է Օսիպյանը, եւ դա կա կադրերի մեջ: Այդտեղ կա մի շատ կարեւոր հանգամանք, որ կարծում եմ այդտեղից է, թե ինչու էին Գեւորգի վրա սեւեռվել՝ Գեւորգը Օսիպյանին դիմում է, ասում է՝ Դուք չէ՞ որ իր վերադասն եք, ես Ձեզ հիմա հայտնում եմ, որ Գեղամ Խաչատրյանը իմ նկատմամբ բռնություն է կատարել, հարվածել է ինձ, Օսիպյանը ասել է Գեւորգին, որ եկեք գրավոր դիմեք»:

Գեւորգ Սաֆարյանին բերման ենթարկելը Կարո Եղնուկյանը համարում է, որ ռազմավարական մոտեցում է, ոստիկանները նախահարձակ են լինում եւ պաշտպանվելու փոխարեն հարձակում են կատարում, որպեսզի տուժողները հարձակվողի դեր կատարելու փոխարեն, դառնան պաշտպանվող, եւ բողոքելու ժամանակ չունենան. «Սա իրենց չի հաջողվելու, որովհետեւ իրենք հակահարվածը ստանալու են այս հարցում՝ դատական ատյաններում եւ միջազգային ատյաններում մարդու իրավունքների խախտման հետ կապված, ապօրինի սուտ ցուցմունք տալու համար, եւ այլն, եւ այլն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. անհամ է says:

    խոսքը մեր մեջ, դրանց գործն էլ բան չի, սեղանի մոտից հանել են ազիզ օրը, թե գնացեք քյալլա տվեք բողոքավոր ջահլների հետ, էլ ոնց չկատղեն: էս թատրոնը գնալով անհամ է դառնում: Խաբվում ենք … քաջ գիտենալով որ պիտի խաբվենք, ծեծվում ենք իզուր տեղն ու գնում բողոքելու …. խաբեբաների ու ծեծողների դաստային!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031