Ինչպես տեղեկացրել ենք, երեկ դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրիում, նախկին ամուսինը դանակահարել էր կնոջը, զոքանչին, քենուն ու նաեւ տաքսու վարորդին: Գյումրու բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ հիվանդանոց են տեղափոխվել ընդամենը երկուսը՝ 1989 թվականին ծնված Ա.Գ-ն, որը կինն է ու զոքանչը՝ 1967 թվականին ծնված Գ.Ս-ն: 27-ամյա Ա.Գ-ին հիվանդանոց են տեղափոխել աջ բազուկի վերին հատվածի կտրված-ծակած վերքով, իսկ նրա մորը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, նրանք վիրահատվել են, երկուսի վիճակն էլ միջին ծանրության է:
ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Արցախ թաղամասում, ՌԴ-ից վերադարձած նախկին ամուսինը ցանկություն է հայտնել տեսակցել իր միակ երեխային, հյուրընկալվել է կնոջ հայրական տուն, սակայն կինն ու նրա հարազատները առարկել են, սկսվել է վիճաբանություն, որն էլ ավարտվել է մի քանի հոգու դանակահարությամբ, այդ թվում տաքսու վարորդի: Այժմ գործը քննվում է Շիրակի մարզի քննչական վարչությունում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ