Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այդուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ:
Այս գործընթացում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը: Ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքները մայրաքաղաքում կծավալվեն այնքան ժամանակ, մինչև իսպառ վերանա սառցալեզվակների ընկնելու վտանգը: Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն