2016-ի առաջին տոնական օրերն աչքի ընկան նաև առատ տեղումներով, և մեր երկրի ողջ տարածքը պատվեց ձյան հաստ շերտով: Չնայած իր ողջ գեղեցկությանը՝ ձյունը մեծ հոգսեր է պատճառել հատկապես տեղափոխման առումով: Քաշաթաղի շրջանում արդեն մի քանի տարի է, ինչ նման օրերին գործում է հատուկ շտաբ: Այս տարի ևս շրջկենտրոն Բերձորում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ գործում է շտաբը, որը հետևում է տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությանը: Տարվա հենց առաջին օրը «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի (տնօրեն՝ Սամվել Ալեքսանյան) 2 տրակտորներն անընդհատ աշխատում են՝ երթևեկելի վիճակում պահելու շրջանի կենտրոնական ճանապարհները և Բերձոր քաղաքի փողոցները:
«Վահան Վահանյան» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Ժիրայր Վահանյան) կողմից ձյան շերտը մաքրվել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Բերդաձորից մինչև Սյունիքի մարզ հասնող հատվածը: Առաջին օրից տեղերի տրակտորներով և շրջվարչակազմի աջակցությամբ անցանելի են դարձել շրջկենտրոնից դեպի Լեռնահովիտ(մոտ 70կմ), Դրախտաձոր(45կմ), Արտաշավի, Շալուա, Արախիշ (50-60կմ) տանող գլխավոր ճանապարհները: Իսկ հարավային ուղղությամբ Ուռեկանից մինչև Բերձոր ճանապարհը բացվել է «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տրակտորով (մեխանիզատոր՝ Արարատ Գրիգորյան) Հունվարի 3-ին նույն ընկերության երկրորդ տրակտորը (մեխանիզատոր՝ Սարգիս Գասպարյան), Բերձորում որոշ աշխատանքներ կատարելուց հետո, ուղևորվեց մաքրելու նաև դեպի Արվական տանող 40 կմ ճանապարհը: Արդեն բաց է նաև այդ ճանապարhը, և այժմ նույն տեխնիկան կրկին աշխատում է Բերձորում: Նույն տեխնիկան մաքրել է նաև Բերձորից մինչև Գողթանիկի կամուրջ տանող մոտ 25կմ ճանապարհը:
Այս օրերին շտաբի անդամները՝ շրջվարչակազմի աշխատակազմի, ուժային կառույցների, կոմունալ ծառայությունների աշխատակիցներ, օժանդակել են նաև Բերձորով անցնող տրանսպորտային միջոցների անխափան երթևեկը: Հատկապես արժանին պետք է մատուցել ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության(ԱԻՊԾ) շրջանային փրկարար ծառայության ջոկատի(պետ՝ Քերոբ Մովսեսյան) մարտիկներին, ովքեր այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով: Նույն տղաները նաև մեծ աշխատանք կատարեցին անցած ամռանը՝ հացահատիկի բերքահավաքի ժամանակ և դրանից հետո՝ պայքարելով հրդեհների դեմ:
Կարդացեք նաև
Հունվարի 3-ին շրջվարչակազմի աշխատակազմի մի շարք կառույցների հիմնականում երիտասարդ աշխատակիցներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ իրականացրեցին Երևանյան մայրուղու մայթերի մաքրման աշխատանքներ` Խաղաղության հրապարակից (Շրջադարձ) մինչև Սուրբ Համբարձման եկեղեցի: Այս կարևոր աշխատանքին մասնակցեցին նաև ԼՂՀ ԱԻՊԾ շրջանային փրկարար ծառայության մարտիկները՝ Քերոբ Մովսեսյանի ղեկավարությամբ, ինչպես նաև՝ Բերձորի քաղաքապետարանի և «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերության աշխատակիցներ:
Բացի մայթերից մաքրվեցին նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգի ճանապարհը, Սուրբ Համբարձման եկեղեցու բակը, շրջվարչակազմի և այլ հիմնարկությունների բակեր, տարածքներ: Որոշակի աշխատանքներ իրականացվեցին նաև քաղաքում գտնվող պուրակներում ու հուշակոթողների մետ(Ազատամարտիկների պուրակ, Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակի պուրակ, ՀՀ ԵԿՄ նվիրված պուրակ, Վ. Զատիկյանի պուրակ և այլն):
Մաքրման աշխատանքներին ներկա եղավ նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Կեսօրին Սուրբ Համբարձման եկեղեցուց վերադարձանք մեր իսկ մաքրած մայթերով: Աշխատանքից հետո Բերձորի հյուրատանը կայացավ նաև տոնական խնջույք:
Ներկաներին Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ հեռախոսով շնորհավորեց ԼՂՀ վարչապետը՝ հայտնելով շնորհակալություն կատարածի համար: Շրջանային շտաբի աշխատանքները շարունակվում են, գործում է հերթապահություն: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ հունվարի 4-ի դրությամբ շրջանի կենտրոնական ճանապարհները հիմնականում բաց են: Բքի պատճառով ժամանակավոր փակվել էր դեպի Լեռնահովիտ տանող ճանապարհը, սակայն համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ այն բացվում է:
«Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հունվարի 4-ին կմաքրվեն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի, գիշերօթիկ հաստատության, քաղաքի 4-րդ թաղամասի և այլ ճանապարհներ:
Զոհրաբ Ըռքոյան