Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը: Նրա բնորոշմամբ՝ որոշման հիմքում անհեթեթ հիմնավորում է դրվել. «Ապրիլի 7-ի գործով, երբ ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամներ, Գեւորգի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվեց ստորագրությամբ չհեռանալը: Իրենց բնորոշմամբ՝ քանի որ ազատության մեջ մնալով նա կարող է նոր հանցագործություն իրականացնել, այդպիսի որոշում է կայացվել: Մինչդեռ Գեւորգի՝ այս ամիսներին դրսեւորած իրավաչափ վարքագիծը պետք է հիմք դառնար, որ նա որեւէ հանցագործություն չի կատարել, միշտ ներկայացել է քննչական մարմինների կանչով»:
Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետագա գործողություններին, Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ պայքարն, անկասկած, շարունակվելու է. «Քաղաքացիական ակտիվիստները ներգրավված են լինելու պայքարում, որն առաջիկայում ավելի մեծ ընթացք կստանա»:
Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին մանրամասն՝ այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ