Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը՝ հարբած եւ տոնածառը կտոր-կտոր արած ոստիկանների մասին. «Ձմեռ պապի փայտն էլ ջարդեցին» (Տեսանյութ)

Հունվար 03,2016 18:11

«Մեկ մետրանոց տոնածառ էր: Տեսանք, որ ոստիկանները դրանից վատ են զգում, ասեցինք՝ լավ, մենք ձեռքով կպահենք, գետնին էլ չենք դնի: Երեւի մի 30 ոստիկան հարձակվեցին ու կտոր-կտոր արեցին տոնածառը՝ մի փոքրիկ կտոր մնաց»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից Էդուարդ Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ազատության հրապարակում տոնածառի պատճառով բախում է տեղի ունեցել դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող ընդդիմադիր շարժման ներկայացուցիչների ու ոստիկանների միջև: Վերջիններս չեն թույլատրել տոնածառ տեղադրել, քանի որ ակտիվիստները չեն ունեցել Քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունը:

«Որ Օսիպյանի չռված աչքերը տեսնում եմ, ուրեմն գիտեմ՝ ինչ-որ հրաման է կատարելու…Ձմեռ պապիկի փայտն էլ ջարդեցին»,-քմծիծաղ տալով՝ պատմեց Գյոզալյանը: Նրա պնդմամբ՝ Ազատության հրապարակում նաեւ ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող ոստիկաններ են եղել. «Հոտը փչում էր…իրենց հարձակվելուց ու չռված աչքերից էլ էր պարզ…Ասեցի՝ դուք խմած եք, ինձ առաջարկեցին գնալ-ստուգել, բայց ասեցի՝ անիմաստ է, միեւնույն է՝ ոստիկանների պարագայում ոչինչ չես կարող ապացուցել: Այս երկրում եթե ոստիկանը երիտասարդին հարվածի, չես կարող ապացուցել: Այդպես, Օսիպյանն իր բանդային հավաքեց-տարավ: Մեջները մի 10-12 հոգի ոչ նորմալ վիճակում էին»,-հավելեց նա:

Գյոզալյանի խոսքով՝ ոստիկանները հարվածել ու գետնին են տապալել մի քաղաքացու, որին ակտիվիստները զարդարել էին փուլերով, որպեսզի նա «փոխարինի» տոնածառին: Իրեն եւս հարվածներ են բաժին հասել, ոստիկաններից մեկը պատռել է վերարկուի գրպանը:

DCIM105MEDIA

Հավելենք, որ դատարանի առաջ բողոքի ակցիայի մասնակիցները տեղադրել են խորհրդանշական տոնածառ (լուսանկարում): Այս պահին շարունակվում է քննվել «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք կիրառելու հարցը: Նա մի քանի ակտիվիստների հետ, որոնք ավելի վաղ ազատ են արձակվել, ձերբակալվել էր Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու կասկածանքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031