Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը. որոշվելու է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է Ամանորի գիշերը՝ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: «Նոր Հայաստան»-ի եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն այդ մեղադրանքը շինծու են համարում՝ ասելով, որ ոստիկաններն իրենք են բռնի գործողություններ իրականացրել ակտիվիստների հանդեպ:
Դատարանի դիմաց շարունակվում է քաղաքացիների կազմակերպած ակցիան՝ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելի վաղ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց: «Գեւորգին բաժին չբերեցին՝ որպես պատրվակ համարելով ակցիան, եւ նա ձերբակալվածների պահման վայրում մնաց»,-ասաց Ավետիսյանը:
Կարդացեք նաև
«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի հետ կատարվածը պետական շինծու մեղադրանք է. «Տուժածները քաղաքացիներն էին: Սաֆարյանը հաղորդում տվեց հանցագործության մասին, դրա համար փորձեցին այդ ամենը շուռ տալ նրա դեմ ու ձերբակալեցին: «Հրեշտակների» գումարտակի ղեկավար Գեղամ Խաչատրյանը բազմաթիվ անձանց ներկայությամբ հարվածել է նրան, հետո «ֆեյսբուքում» անպատկառ կերպով գրառում կատարել: Փաստորեն, Օպերայում հավաքված ժողովուրդը իր համար կապիկներ են: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, Խաչատրյանն էլ գտնում է, որ գազանանոցի վերածելու հայրենիք ունենք: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը քաղաքականություն է»:
Չուգասզյանի դիտարկմամբ՝ ոստիկանների կողմից Գեւորգ Սաֆարյանի հանդեպ ընդգծված վերաբերմունքը քաղաքական հալածանք է. «Հանրաքվեի դեմ բողոքի ակցիաներում Գեւորգն առաջամարտիկ էր եւ բոլորի առջեւից էր գնում: Ռեժիմը փորձում է վրեժ լուծել նրանից: Գեւորգը երիտասարդության շրջանում հեղինակություն ունեցող անձնավորություն է, փորձում են սարսափի միջոցով կառավարել երիտասարդությանը»:
Հիշեցնենք, որ այսօր Գեղամ Խաչատրյանի տան մոտից բերման են ենթարկվել բողոքի ակցիայի 5 մասնակիցներ: Խաչատրյանի դիրքորոշման մասին՝ այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ