2002թ ապրիլի 2-ին, կեսգիշերին իմ գործընկերների հետ «Ա1+»-ի գրասենյակում ես էլ գոռացի անզորությունից, երբ վերջին անգամ էկրանին երեւաց «Ա1+»-ը դեռ եթերում է» տողն ու … վերջ:
Բայց պարզվեց, որ ամեն ինչ նոր է սկսվում: Դե, մեզ եթեր այդպես էլ չտվեցին. հները գնացին, նորերը եկան, նրանք էլ գնացին, նորերը եկան, հները հետ եկան, էլի գնացին կամ մնացին, նորերը եկան: Ծնվեց «Այբ- Ֆե» թերթ, որը չդիմացավ շուկայական խաղերին, Ա1+ մոբայլ նորություններ, որը կարճ ապրեց, հիմա էլ «Արմյուզի» եթերում` «Այբ-Ֆե+»,որը չգիտեմ դեռ ինչքան կապրի: Այս բոլոր նորամուծություններին զուգահեռ ապրեց ու ապրում է «Ա1+»-ի կայքը, որն իմ համար` իմ ազատ արտահայտվելու ամենակայուն հարթակն է, ինչը կարող է երազել ցանկացած լրագրող:
Իմ լրագրողական գործունեության 15 տարիները կապված են «Ա1+»-ի հետ. իմ համակարգչում նույնիսկ կարող է գտնվել լուսանկար, որն արվել է դեռ այն ժամանակ, երբ ես «Ա1+»-ի տեղը չգիտեի: Համակարգիչները փոխվել են, բայց տեղեկատվությունը փոխանցվել է նորին, ինչպես հին «Ա1»-ցիները էստաֆետը հանձնել են «Ա1+»-ցիներին:
Ու նույնիսկ այսքան փորձ ունենալուց հետո, որեւէ ռեպորտաժ , հոդված պատրաստելուց առաջ, ես անհամբեր սպասում եմ,թե ինչ կասի Մեսրոպ Մովսեսյանը` «Ա1+»-ի տնօրենը: Երբեք ինձ չի լքում զգացողությունը,որը կար հեռավոր 2000 թվականին, երբ դեռ եթերում էր «Ա1+»-ը: Գրաքննություն «Ա1+»-ում չկա. պատրաստիր, ինչպես ուզում ես, այն եթեր կգնա, բայց եթե ձախողել ես, ուրեմն…Չէ, չեմ բացում փակագծերը, կարեւորն ինձ հասկացան հին «Ա1+»-ցիները:
Կարդացեք նաև
Երկար գրեցի, բայց ես չեմ կարող չասել, որ այսօր նաեւ այն մարդու ծննդյան օրն է, որը ստեղծեց «Ա1+»-ը ու իմ ու իմ պես հարյուրավոր երիտասարդների հնարավորություն տվեց աշխատելու, սխալվելու, հասկանալու եւ կայանալու:
https://www.youtube.com/watch?v=3H2TC_I5uSc
Շնորհավոր ծնունդդ, 25-ամյա «Ա1+», շնորհավոր ծնունդդ, «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյան, եւ այս շնորհավորանքները բոլոր նրանց կողմից է, ովքեր համարում են, որ , ներեցեք, «Ա1+»-ը միայն Ձերը չէ, այլ նաեւ իրենցը: Ախր, այս «Ա1+»-ը այնքան բան է տեսել…
Կարինե ԱՍԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում