Հունվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ կսկսվի Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանի (լուսանկարում) դատավարությունը:
Հիշեցնենք, Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:
Զավեն Միրիջանյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատող է եւ 9/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Նա 2015 թվականի նոյեմբերի 25-ին հանդիպել էր նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, և ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել էր ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
Այդ զրույցն արձանագրող ձայնագրությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստնյանին: