Ամերիկյան երկու քիչ հայտնի սցենարիստներ Օսկար եւ Թոմաս Քոլվինները Ուաշինգթոնի դաշնային դատարան են դիմել ընդդեմ Քվենտին Տարանտինոյի եւ նրանից պահանջում են հարյուր միլիոն դոլար: Նրանք վստահ են, որ օսկարակիր ռեժիսորն իրենցից է գողացել «Ազատագրյալ Ջանգոն» կինոնկարի գաղափարը:
Ըստ The Wrap-ի՝ սցենարիստները պնդում են, որ իրենք են գրել բեմագիր փախստական ստրուկի մասին, որին սպիտակամորթն օգնում է ազատել ընտանիքը: Թեեւ նրանց տարբերակում ստրուկի անունը Ջեքսոն Ֆրիմեն է, այլ ոչ Ջանգո: Սցենարիստները վստահ են, որ սյուժեն իրենցից է գողացված, հաշվի առնելով, որ Տարանտինոն կարող էր այն ընթերցել՝ իրենք այն բազմիցս առաջարկել են տարբեր գործակալությունների:
«Ազատագրյալ Ջանգոյի» բեմադրիչը ստացել է «Օսկար»՝ լավագույն սցենարի համար: Կինոնկարը էկրան է բարձրացել 2012 թվականին, եւ վարձույթից հավաքել է 425 միլիոն դոլար: