Գյումրիի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդները դեկտեմբերի 26-27-ը Գյումրիի խանութների ու սուպերմարկետների դիմաց իրականացրեցին «Սուրբ Ծննդյան Զամբյուղ» ակցիան: Նրանք Գյումրու սառնամանիքին երկու օր շարունակ՝ ժամը 11.00-ից մինչեւ 17.30-ը կանգնելով խանութների դիմաց, ամանորյա գնումներ կատարող քաղաքացիներին խնդրում էին հավելյալ մի որեւէ սննդամթերք գնել ու գցել զամբյուղի մեջ, որպեսզի Գյումրիում Ամանոր չնշող որևէ ընտանիք չլինի, գոնե տոնական այս օրերին սոված երեխաներ չմնան:
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի ղեկավար Հայկարամ Դրմեյանը պատմեց.«Մենք նախօրոք պայմանավորվածություն էինք ձեռք բերել խանութների սեփականատերերի հետ. «Բասեն» ու «Կառոնա» սուպերմարկետների մոտ արկղեր էինք տեղադրել, ու մեր կամավոր երիտասարդները տվյալ խանութներից գնումներ կատարած քաղաքացիներին հորդորել ենք անապահով ընտանիքների համար էլ մի բան գնել ու տեղադրել արկղերի մեջ, որպեսզի նրանք էլ կարողանան Նոր Տարին դիմավորել: Այս ծրագրի շրջանակում մոտ 75 ընտանիքի բաժանել ենք տարբեր կենցաղային ու մթերային պարագաներ՝ ձեթ, յուղ, մակարոնեղեն… Մենք հավաքել ենք սնունդը, պարկերը պատրաստել ենք, զանգահարել ենք, այդ ընտանիքները եկել են եկեղեցու սոցիալ-կրթական կենտրոն: Ընտանիքներից 35-ը եղել են սոցիալ-կրթական կենտրոնի շահառուներ, մյուսները հավատավոր ժողովրդից են: Ասել ենք՝ Ձեզ անակնկալ կա, իրենք էլ եկել են ու պարկեր ստացել»:
Հարցին՝ ինչպե՞ս էին արձագանքում գնումներ կատարող քաղաքացիները Ձեր բարեգործական ակցիային, Հայկարամ Դրմեյանն ասաց. «Կային քաղաքացիներ, որոնք վատ էին արձագանքում, ասում էին՝ մեկը լինի մեզ օգնի, կային քաղաքացիներ, որոնք հաճույքով միանում էին, խրախուսում, հրճվում, թե էս ինչքան լավ բան եք անում, արդյունքում հավաքեցինք այն, ինչ հավաքեցինք ու բաժանեցինք: Արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացնում ենք ծրագիրը, ամեն տարի կարողացել ենք հավաքագրել»:
Նշենք, որ ակցիան իրականացրած երիտասարդները իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվել են տպավորություններով, օրինակ՝ Լիլիթ Բրոյանը, որը իր ֆեյսբուքյան ընկերներին հորդորում, կոչ էր անում. «Եթե կանցնեք «Կառոնայի» մոտով, միացեք մեր «Սուրբ Ծննդյան զամբյուղ» ակցիային», ակցիան իրականացնելու ընթացքում գրում է. «Աստվածաշնչյան պատմության դեպքն էր… երբ ծեր կինը իրա վերջին կոպեկը տվեց»:
Ակցիային մասնակցող մեկ այլ երիտասարդ՝ Գրիշա Հովսեփյանն էլ գրում է. «Հարստությունը ու փող ունենալը տարբեր բաներ են…Այսօր երեխեքը ապացուցեցին… »:
Հիշեցնենք, որ այս երիտասարդները մի քանի օր առաջ «Մեկ բացիկ, մեկ բնակարան ծրագրի» շրջանակում առանձնատուն գնեցին Մարտիրոսյանների 4 երեխա ունեցող ընտանիքի համար: Նրանք երեք ամիս շարունակ փողոցներում 400 դրամով բացիկ էին վաճառում, որպեսզի մի անտուն ու անապահով ընտանիքի բնակարան գնեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գրիշա Հովսեփյանի ու Լիլիթ Բրոյանի ֆեսբուքյան էջերից