Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն համամիտ չէ Սերժ Սարգսյանի հետ. լրագրողական ազատությունները ՀՀ–ում մոտ չեն ժամանակակից առաջադեմ պահանջներին

Դեկտեմբեր 31,2015 16:36

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  2015-ի ավարտին ամփոփում է տարին մամուլի ազատության, լրագրողների մասնագիտական գործունեության և խոսքի ազատության տեսանկյունից:

2015-ը հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով, որոնք առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության չեն անցնում, որոնք էլ իրենց հերթին ուղեկցվել են խոչընդոտներով:

Չնայած այս ամենին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի ավարտին հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նշել էր. «Լրագրողական ազատությունները ՀՀ–ում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, և սա մեծ ձեռքբերում է»:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համամիտ չէ ՀՀ նախագահի ձևակերպման հետ հետևյալի պատճառով:

1. «Անազատ» մամուլ: Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը: Ընդհանուր առմամբ,  այս տարվա զեկույցում ներառված է 199 երկիր, որից 63-ը (32%) գնահատվել է «ազատ», 71-ը (36%)՝ «մասամբ ազատ», 65-ը (32%)՝ «անազատ»։ Հայաստանը  135-րդ տեղում և 61 միավորով  գտնվում է «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում, որտեղ գտնվում են նաև Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը…: Այնինչ, հարևան Վրաստանը  48 միավորով հայտնվել է 93-րդ հորիզոնականում և ներառվել է «մասամբ ազատ» երկրների ցանկում։

2.Հունիսի 23-ը դեպքերը: 2015-ի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները, մասնագիտական գործունեության խոչընդոտը իշխանության ներկայացուցչի կողմից ևս մեկ անգամ փաստում են Հայաստանում լրագրողական ազատություն գոյություն չունի:

Ավելին, նույնիսկ Հայաստանում գրեթե բացակայող արդարադատության պարագայում Բաղրամյան պողոտայի դեպքերով հարուցվել է քրեական գործեր  ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով(Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով)

և 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս պատճառել):

3.Ընդդեմ Հայաստանի մեկ գործ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը ոստիկանությունում իր դեմ կիրառված բռնության փաստի դեպքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

4.Խտրական վերաբերմունք լրատվամիջոցների նկատմամբ: Հայաստանում սա փաստ է, ընդ որում պետության առաջին դեմքի մակարդակով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել էր միայն ութ հեռուստաընկերության 12 ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ՀՀ նախագահի աշխատակազմը հավատարմագրում է իր յուրային լրատվամիջոցի լրագրողին:

5. Խոչընդոտներ հանրաքվեի ընթացքում: 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ ևս խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը:

Մասնավորապես թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողի:

36/39 տեղամասի /Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք/ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին գրանցելուց:

26/16 տեղամասում /Չարենցավան/ ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնացել են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին:

ՀՀԿ վստահված անձը բռնություն է գործադրել «iLur.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ, կոտրել է տեսախցիկն ու վնասել լրագրողի վկայականը:

Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբներից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, հրել, քաշքշել և թքել լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին:

Նշենք, որ այս ամենը հաշվի առնելով՝ լրագրողական ազատությունները ՀՀ–ում մոտ չեն ժամանակակից առաջադեմ պահանջներին, որովհետև նրանք վերահսկվում են:

Նշենք նաև, որ մամուլի ազատության վարկանիշը կազմվում է  երեք համապարփակ կատեգորիաների վերլուծության հիման վրա՝ իրավական դաշտը, քաղաքական միջամտությունը լուսաբանման գործընթացին և տեղեկատվության հասանելիությանը, ինչպես նաև տնտեսական ճնշումները լրատվական նյութերի տարածման գործընթացի և բովանդակության վրա:

Հաշվի առնելով վերը նշվածները, Հայաստանն այս երեք կատեգորիաներում էլ առաջընթաց չի գրանցել, հետևաբար հեռու է լրագրողական ազատությունների ժամանակակից առաջադեմ պահանջներից և 2016-ին սպասել առաջընթացի մամուլի ազատության ոլորտում, պարզապես անհիմն է:

2015-ին լրագրողները բազմաթիվ խոչընդոտների են հանդիպել:   «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2016-ին ցանկանում է իրական առաջընթաց մամուլի ազատության ասպարեզում,որովհետև մամուլի ազատությամբ է պայմանավորված իրական խնդիրների արձանագրումն ու լուծումը, հետևաբար նաև պետության առաջընթացը:

 

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031