Սիրելի´ ընկերներ,
Մի քանի ժամից պատմության էջերից մեկը հերթական անգամ կթերթվի, և բոլորս միասին կթևակոխենք նոր` 2016 թվականը: 2015 թվականը կմնա անցյալում, և մեզնից յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե 2015 թվականից ինչը հիշել ուրախությամբ և ինչը` գուցե թախծով:
2015 թվականը բազում ցնցումների տարի էր, տարի, երբ ձևավորվում և զարգանում էին գործընթացներ, որոնք դեռևս անպայման իրենց մասին հիշեցնելու են հետագայում: 2015 թվականը փորձությունների տարի էր, և այդ փորձությունների մեծամասնությունը Մենք արժանապատվորեն հաղթահարեցինք:
2015 թվականը դարձավ Մեր Հայրենիքի արևելյան սահմաններում հատուկ լարվածության աճի տարի: Ողջ 2015 թվականի ընթացքում թշնամին ` Մեր կայունությունը խախտելու, Մեր տներում վախ ու վիշտ մտցնելու բազում փորձեր էր ձեռնարկում: Թշնամու այդ փորձերին ի պատասխան` հայկական երկու պետությունների բանակները, և ողջ հայ ժողովուրդը տվեցին արժանավայել ու վճռական պատասխան: 2015 թվականին Մեր Հայրենիքի արևելյան սահմաններում տեղ գտած ռազմական իրադարձությունները մեզ բոլորիս պարտավորեցնում են ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել Մեր Սրբությանը` Մայր Հայրենիքին: Պարտավորեցնում է մեզ հիշել, թե ո՞վ է մեր ընկերն ու ո՞վ է թշնամին:
Կարդացեք նաև
Մեր ժողովրդի համար 2015 թվականն անցավ պայքարի և միասնության նշանաբանի տակ: Մեծ Ցեղասպանության 100 ամյակը միավորեց ողջ մեր ազգին: 100 տարի է անցել այն պահից, երբ մեր ժողովրդի մեծամասնությունը ոչնչացվեց իր իսկ Հայրենիքում, իսկ մի փոքր մասին հաջողվեց փրկվել փախուստի միջոցով` երկար տասնամյակներ լքելով հայրենի հողերը, նախնիների տները:
Անցել է 100 տարի, և 2015 թվականին ողջ Մեր Ազգը միավորվեց մեկ ընդհանուր ու հզոր բռունցքի մեջ: Միավորվեց, որպեսզի պատասխանատվության ենթարկի հանցագործին, միավորվեց, որպեսզի ապացուցի ինքն իրեն և իր շրջապատին, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում հաշտվել անարդարության հետ, հայ ժողովուրդը չի պատրաստվում մոռանալ կոտորված անմեղ, սուրբ նախնիներին, հայ ժողովուրդը պայքարում է և կշարունակի պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ հանցագործը չի կրել արդար պատիժը: Հայ ժողովուրդը կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ մեր ոտնահարված իրավունքները ամբողջությամբ չեն վերականգնվել:
Ազգային միաբանությունը և պայքարի ոգին համակել էր նաև Մեր Համայնքին: Վիրահայությունը միաբանվեց: Վրաստանի աշխարհիկ և հոգևոր հայկական կազմակերպությունները միավորեցին իրենց ուժերը հանուն միակ նպատակի` քաղցր միություն հանուն արժանավայել ապագայի: Եվ մեզ դա հաջողվեց:
Համայնքում սկսում է տիրել ազգային խնդիրների շուրջ ճշմարիտ համագործակցության և միավորման ոգին: Արդյունքը, որը 2015թ.-ին ձեռք է բերել Վիրահայությունը, անհրաժեշտ է փայփայել: Անհրաժեշտ է հոգ տանել նրա մասին, ինչպես մի մանուկի, որն անպայման պետք է դառնա ուժեղ և վճռական մարդ: Մեր միասնությանը պետք է ճիշտ գնահատական տալ և հասկանալ, որ հենց դա է մնացած բոլոր, բազում-բազմաթիվ պարզ ու բարդ խնդիրների լուծման միակ ուղին:
Մենք համոզված ենք, որ հնարավոր է հասնել ընդհանուր նպատակին միայն այն դեպքում, եթե մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ընտանիք մասնակցի Համընդհանուր բարեկեցության կառուցմանը: Չի կարելի սպասել, մինչև ինչ-որ մեկը, թեկուզ մտերիմ կամ հարազատ, քո փոխարեն կլուծի քո խնդիրները: Միայն անհատական մասնակցությամբ կարելի է ակնկալել իրականության զգալի փոփոխություններ և ձեռք բերել բարեկեցություն` ինչպես անհատական, այնպես էլ հավաքական:
Ծայրահեղ կարևոր է, որպեսզի մեր շուրջը, տարածաշրջանում և աշխարհում զարգացող անկայունության պայմաններում յուրաքանչյուրս հոգ տանի խաղաղության պահպանման մասին ինչպես իրենց ընտանիքներում, այնպես էլ երկրում, Հայրենիքում և տարածաշրջանում: Դրան հասնել հնարավոր է միայն համընդհանուր համաձայնության պայմաններում, համերաշխության և հավաքականության պատասխանատվության զգացումի բարձր մակարդակի շնորհիվ:
Նոր` 2016 թվականին Ձեզնից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն: Թո´ղ Նոր Տարին Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն, սեր, ուրախություն, բարեկեցություն, կայունություն և բարգավաճում պարգևի: Թո´ղ Աստված պահպանի Մեր ընտանիքներին և Մեր հաջողության գրավականը թո´ղ դառնա Սերն ու Միասնության ձգտումը:
Մեր ողջ բազմադարյա պատմությունը, յուրաքանչյուր ապրած տարին, հարյուրամյակը, հազարամյակը մեզ միայն մի բան է սովորեցնում` երբ ենք միասնական ենք, մենք անպարտելի ենք: Ցանկանում ենք յուրաքանչյուրիս լինել անպարտելի 2016 թվականին և հաջորդող տարիներին:
Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ