Լրահոս
Օրվա լրահոսը

2015. Թուրքիայի գերհագեցած տարին

Դեկտեմբեր 31,2015 12:40

2015 թվականը Թուրքիայում բավական հագեցած էր տարատիպ իրադարձություններով ու զարգացումներով, ինչը, հիրավի, թույլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագույն պատմության համար: Պատմական տարին կարևոր էր ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ միջազգային իրադարձությունների համատեքստում:

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդեց քաղաքական ճգնաժամը և կրկնակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը մեր արևմտյան հարևանի համար առաջինն էր 21-րդ դարում:

Երկու տարի հարաբերական անդորրից հետո վերսկսվեցին Թուրքիայի ուժային կառույցների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև զինված բախումները, որոնք նոր և բավական լուրջ սրացում առաջացրին Քրդական հարցում, և որտեղ երկամյա դադարից հետո կրկին սկսեց գործել բռնի ուժի սկզբունքը:

Թուրքական պետության համար տարին աննախադեպ էր նաև լայնամասշտաբ ահաբեկչությունների տեսանկյունից, իսկ Անկարայում ահաբեկչությունն ամենաարյունալին էր Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ:

Այս ամենին գումարվեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները խոցեցին Սիրիայում ռազմական առաքելություն իրականացնող ռուսաստանյան գրոհիչը:

Հայկական հարցի տեսանկյունից նույնպես տարին հսկայական կարևորություն էր ներկայացնում, քանի որ ողջ հայությունն ու քաղաքակիրթ աշխարհի զգալի մասը հարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Այժմ վերը թվարկված կարևորագույն զարգացումներին ավելի մանրամասն հայացք գցենք:

Խորհրդարանական ընտրությունները

2015 թվականի հունիսի 7-ին Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները բավական ուշագրավ պատկեր էին ստեղծում՝ մի կողմից թուրքական խորհրդարան համամասնական ցուցակներով մուտք էր գործում քրդական/քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, իսկ մյուս կողմից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն չէր ստանում միակուսակցական կառավարություն ձևավորել: Այս իրավիճակին հետևեց ներքաղաքական ճգնաժամը, որի լուծումը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր, որոնք էլ կայացան նոյեմբերի 1-ին: Այս անգամ ԱԶԿ-ն ոչ միայն հաղթեց, այլ դա արեց անսպասելի ցուցանիշով՝ հավաքելով ձայների 49 տոկոսը և կրկին իր ձեռքում կենտրոնացնելով ողջ իշխանությունը: Այս ամենն էլ հնարավորություն տվեց Էրդողանին և նրա համախոհներին ավելի ակտիվ և նաև ավելի ագրեսիվ արտաքին ու ներքին քաղաքականություն վարել:

Քրդական խնդրի սրացումը

2013 թվականին քրդական կազմակերպության և թուրքական պետության միջև հրադադար էր հայտարարվել, սակայն հուլիսին Սուրուչում գրանցված ահաբեկչությունը, որի ժամանակ մեծաթիվ քրդեր զոհվեցին, ստիպեց PKK-ին վերսկսել ռազմական գործողությունները Թուրքիայի ուժայինների դեմ: Երկկողմանի կատաղի բախումների հետևանքով կողմերը հարյուրավոր կորուստներ ունեցան և շարունակում են ունենալ, իսկ առանց փոխզիջումների բախումները դեռ ընթացքի մեջ են: Երկամյա պայմանական դադարից հետո Թուրքիայի գլխավոր խնդիրը՝ Քրդական հարցը, կրկին բռնի ուժի ուղով է ընթանում և կրկին վերհանում է Թուրքիայի ներքին անհատակ խնդիրները:

Խոշոր ահաբեկչություններ

2015 թվականին Թուրքիան ցնցեցին խոշոր ահաբեկչությունները: Նախ, հուլիսի 20-ին Սուրուչում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողության հետևանքով 30-ից ավել մարդ (հիմնականում՝ քրդեր) մահացավ, իսկ արդեն հոկտեմբերի 10-ին Անկարայում թուրք-քրդական խաղաղության համար հավաքված ցուցարարների շարքերում ռումբերի պայթյունը 100-ից ավել մարդու կյանք խլեց՝ դառնալով Թուրքիայի պատմության ամենաարյունալի ահաբեկչական գործողությունը: Երկու դեպքում էլ քիչ չէին այն քրդերը, ովքեր մեղադրում էին պաշտոնական Անկարային կամ ահաբեկչությունները չկանխելու, կամ էլ անգամ դրանցում մասնակցություն ունենալու համար: Սուրուչի ահաբեկչությունը վճռորոշ էր նաև Քրդական խնդրի սրացման տեսանկյունից, քանի որ, ինչպես վերը նշեցինք, ահաբեկչական այս գործողությանը հաջորդեցին թուրք-քրդական նոր բախումները:

ՌԴ ՌՕՈւ գրոհիչի խոցումը

Տարածաշրջանային և միջազգային առումով 2015-ի կարևորագույն իրադարձություններից էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների կողմից Ռուսաստանի օդուժի Սու-24 գրոհիչի խոցումը, որը ռազմական առաջադրանք էր կատարում Սիրիայում: Թուրքերը շտապեցին մեղադրել ռուսաստանյան կողմին թուրքական օդային սահմանը խախտելու համար, սակայն պաշտոնական Մոսկվան հակառակն էր պնդում: Այս ամենի հետևանքով կտրուկ սրվեցին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչի արդյունքում հատկապես տուժեցին երկուստեք տնտեսական կապերը: Իհարկե, ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի կործանումը Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամ պետության և ՌԴ միջև բացառիկ երևույթ էր, որի հետևանքները հետագայում ևս նկատելի են լինելու: «9 վայրկյանում քանդվեցին ռուս-թուրքական հարաբերությունների՝ 15 տարի կառուցվող պատերը»,- նաև այսպիսի մտքեր էին տեղ գտնում թուրքական մեդիայում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հայկական հարցի տեսանկյունից ևս տարին մեծագույն նշանակություն ուներ ոչ միայն Հայաստանի ու համայն հայության, այլ նաև Թուրքիայի համար: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը չէր կարող անհանգստություն չառաջացնել Թուրքիայում, որտեղ փորձում էին ամենատարբեր ձևերով «պատասխանել» և «հակադարձել»: Ուշագրավ էր հատկապես պաշտոնական Անկարայի որոշումը՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարին նշել ապրիլի 24-ին՝ Դարդանել հրավիրելով տարբեր պետությունների ղեկավարների: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ ուղերձով, որտեղ թաքնված կերպով մատուցվում էին Թուրքիայի՝ Ցեղասպանության փաստը ժխտող ժամանակակից թեզերը: Թուրքիան «գրոհում» կամ «հակագրոհում» էր տարբեր ճակատներում, կլինեին քաղաքական, գիտական, դիվանագիտական, թե քարոզչական ոլորտները: Կարճ ձևակերպելով՝ 2015-ին ևս թուրքական պետությունը շարունակում էր Ցեղասպանության փաստի ժխտումը:

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Եփրատ ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031